երկխոսություններով այնքան հարուստ «Գիքորը», ինչպես նաև շատ ուրիշ պատմվածքներ ու հեքիաթներ, հեշտությամբ կարող են վերածվել (և իրոք վերածվել են) թատերգության, ուղղակի մարմնավորվել բեմի վրա։ «Դրամատուրգիական սկզբունքը» շատ ուժեղ է նաև այն գործերում, որոնց մեջ ամբողջ ծանրությունն ընկած է հերոսների խոսքի վրա, իսկ հեղինակը միայն նշագրողի, «կապակցող օղակի» դեր է խաղում («Գաբո բիձու շերամապահությունը», «Նեսոյի քարաբաղնիսը», «Քեռի Խեչանը», «Երկաթուղու շինությունը»)։ Իսկ մի շարք հեքիաթներ փաստորեն կառուցվում են երկի սկզբում առաջադրվող որևէ դրույթի, հարցի ու պատասխանի նորանոր տարբերակների, կրկնության և աստիճանական ուժեղացման սկզբունքով («Բարեկենդանը», «Կիկոսի մահը», «Անհաղթ աքլորը», «Խելոքն ու հիմարը» և այլև)։
Հայտնի է, որ Թումանյանի ստեղծագործության բոլոր ժանրերին բնորոշ է վերին աստիճանի սեղմ, հակիրճ շարադրանքը, խոսքի «ռեսուրսների» ժլատ օգտագործումը։ Մի զրույցի ժամանակ նա ասել է. «Ես ջնջելական եմ, սեղմությունն եմ սիրում» (Ն. Թումանյան, 76)։ Ա. Պ. Չեխովի նման նա կարող էր ասել, որ «գրելու արվեստը կրճատելու արվեստ է», որ «գրել տաղանդավոր նշանակում է գրել կարճառոտ»։ Թումանյանի լակոնիզմի թերևս ամենացայտուն դրսևորումը մենք տեսնում ենք նրա արձակի մեջ, գեղարվեստական խոսքի այն տեսակի, որն իր կառուցվածքով կարծեք թե հնարավորություն է տալիս և նույնիսկ ենթադրում է պատկերման մանրամասնում, շարադրանքի լայնածավալ ազատություն։ Թումանյանն այդ հնարավորությունից կարծեք չի ուզում օգտվել։ Իր ասելիքը նա կարողանում է ամփոփել ամենանեղ, անձուկ, շրջանակներում, որոնք, սակայն, լիուլի ներկայացնում են գործողությունը, բնավորությունը, մարդու և աշխարհի կապերը, հեղինակային մոտեցման բոլոր երանգները։ Նրա պատմվածքներն ու հեքիաթները թվում են շատ ավելի մեծածավալ երկերի կոնսպեկտ–խտացումներ, որոնք, սակայն, զերծ են որևէ սխեմատիզմից կամ չորությունից։ Թումանյանի համար երկու–երեք էջանոց պատմվածքը կամ հեքիաթը սովորական բան է, իսկ նրա ամենից ծավալուն արձակ երկերը, ասենք՝ «Գիքորը» կամ «Քաջ Նազարը», հազիվ են հասնում 10—15 էջի։
Մասնավորապես, Թումանյան հեքիաթագրի հակիրճության արվեստը ակնառու կդառնա, եթե նրան համեմատենք համաշխարհային հեքիաթագրության այնպիսի ճանաչված վարպետների հետ, ինչպես Գրիմ եղբայրները կամ Անդերսենը, և կամ զուգադրենք հայ գրականության մեջ իր անմիջական նախորդի՝ Ղ․ Աղայանի հեքիաթների հետ։ Վերջիններս (իհարկե, ամեն մեկը յուրովի) սիրում են հեքիաթի սյուժեն ներկայացնել ամենայն մանրամասնությամբ, դեպքերի բոլոր հաջորդական աստիճաններով։ Թումանյանը չի հետևում իր նախորդներին, նա գերադասում է ամենասեղմ, դինամիկ և նպատակասլաց պատմելաձևը։ Անշուշտ, այդ է պատճառը, որ Գրիմ եղբայրների հեքիաթները թարգմանելիս նա բավական ազատ է վարվել, մտցրել է բազմաթիվ փոփոխություններ, որովհետև,