Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/74

Այս էջը հաստատված է

կպատահեր, որ մարդու մերժեր՝ ներս չթողներ։ Պատվիրել էր, որ խնդրատուներին ներս թողնեին առանց արգելքի։ Խոսելու ժամանակ մին էլ տեսանք՝ մի փոքրիկ, այսպես 10-11 տարեկան գիմնազիստ ներս մտավ, գլուխն արագ տմբացրեց, չարաճճի գլուխ տվեց ու դիք կանգնեց դռան տակին։

Հայրիկի քեֆն ավելի բացվեց։

— Օ՜հ, բարով եկար,— ասավ,— ի՞նչ կուզես։

— Հայրի՛կ, ինձ ուսումնարանից դուրս են անում։

— Քեզի, ուսումնարանեն դուրս կանե՞ն։

— Այո՛, Հայրի՛կ։

— Ինչպե՞ս կարելի է, որ քեզի դուրս անեն։

— Դուրս են անում, Հայրի՛կ։

— Ո՞վ է դուրս անում։

— Դիրեկտորը։

— Ինչո՞ւ։

— Ասում է՝ փողը բեր։

— Է՛հ, դու ալ չունի՞ս։

— Չէ՛, Հայրիկ, իմ հայրը մեռած է, մայրս․․․— երեխան սկսեց իր պատմությունը։

— Մոտ եկ, տեսնեմ։

Երեխան մոտեցավ։

— Է՛հ, հետո լավ կսովորի՞ս դասերդ։

— Լավ եմ սովորում, Հայրիկ,— և երեխան նորից սկսեց մի պատմություն, թե ինքն ինչ առարկայից ինչ է ստացել և այլն։

— Լա՛վ, լա՛վ, դու ալ Հայրիկի պես շատախոս եղեր ես։ Հապա չըսի՞ր, որ կերթամ Հայրիկին կըսեմ։

— Ասեցի, Հայրիկ։

— Լավ ըրեր ես։ Ինչքա՞ն կուզեն։

Չեմ հիշում ինչքան ասավ երեխան, Հայրիկը ձեռքը տարավ կողքին դրած բանի տակը, փողը հանեց, տվեց իրեն ու զանգահարեց։ Ներս մտավ վարդապետը։

— Ծո՛, տարեք նշանակեցեք, որ ասոր ուսման վճարը Հայրիկը պիտի տա, որ դիրեկտոր ալ չարձակի ուսումնարանեն․․․

72