Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/766

Այս էջը հաստատված է

ՀԵՔԻԱԹՆԵՐ

Այս բաժնում, գրողի ինքնուրույն և թարգմանական հեքիաթներից բացի, հրապարակվում են նաև Հովհ. Թումանյանի մի շարք հեքիաթների նախնական մշակումներ և տարբերակներ, բազմաթիվ ստեղծագործական նշումներ, և գրառումներ։ Քանի որ Հովհ. Թումանյանի հեքիաթների ինքնագրերը մեծ մասամբ չեն պահպանվել, իսկ եղածներն թվագրված չեն, ուստի հատորում հեքիաթների հաջորդականությունը որոշելիս առաջնորդվել ենք դրանց առաջին հրատարակության տարեթվով։

Հեքիաթների բնագրերը պատրաստելիս՝ նկատի է առնված հիմնականում գրողի կենդանության օրոք իրականացված վերջին հրատարակությունը, բայց երբեմն շեղվել ենք այս սկզբունքից, եթե հեքիաթը վերջին անգամ տպագրվել է «Լուսաբեր» դասագրքում։ Թումանյանը, որն այս դասագրքի կազմողներից էր, խնդրին մոտեցել է մանկավարժի հայեցակետով և նյութը մատուցել է այնպես, որ այն հեշտ ընկալվի մանկան կողմից և համապատասխանի դասագրքի պահանջներին։ Այսպես, դասավանդման ընթացքը հեշտացնելու համար նա հեքիաթը բաժանել է առանձին մասերի, սեղմել կամ կրճատել է որոշ դրվագներ, ինչպես նաև, հրաժարվելով որոշ բարբառային բառաձևերից, ընտրել է դրանց գրական զուգահեռները (այս, այդ, մայր, հայր, փայտ, սայլ և այլն)։ Եվ քանի որ հեքիաթների դասագրքային այս տարբերակները չէ, որ բնութագրում են հեքիաթագիր Թումանյանին, ուստի որպես հիմնական բնագիր ընտրված են դրանց նախորդ հրատարակությունները (հասկանայի է, եթե հեքիաթը տպագրվել է միայն «Լուսաբերում», նրա հիմնական բնագիրը համարվում է այդ հրատարակությունը)։

«Լուսաբեր» դասագրքի Կ. Պոլսի հրատարակություններում, ինչպես նաև «Մեղրագետ» դասագրքում տպագրված Թումանյանի հեքիաթներում կան ոճական բնույթի աննշան փոփոխություններ, որոնք արտացոլված չեն բնագրային տարբերություններում։ Հեքիաթները արևմտահայերենի փոխադրելիս՝ կատարված են լեզվական որոշ փոփոխություններ, որպեսզի ավանդվող նյութը հասկանալի լինի արևմտահայ մանկանը (այդ կապակցությամբ օգտագործված է, ասենք, բառի մի այլ հոմանիշ կամ բառիմաստի այլ՝ արևմտահայերենին ավելի հարազատ ու հասկանալի ձև),

Բնագրերում կատարված են մի շարք ճշտումներ, որոնցից առավել էականներն արտացոլված են ծանոթագրություններում։ Սրանք այնպիսի