Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/83

Այս էջը հաստատված է

սարսափը կալավ բինին։ Լեռներում ամեն մարդ լավ է հասկանում, թե ինչ կնշանակի՝ «Շունը տարան»։

Գողերը միշտ մի կամ երկու հոգով վազում են ընկնում են բինեն, ոչխար, ձի, տավար խրտնացնում, խառնում են իրար։ Շներն ընկնում են նրանց ետևից։ Նրանք էլ շներին հաչեցնելով տանում, հեռացնում են բինից։ Այնուհետև խառնված, անշուն բինին ետևից վրա են տալիս նրանց ընկերները և շփոթի ու խավարի մեջ քշում են նրանց անասունները։

Շուտով հետևեց երկրորդ հարձակումը, հարահրոցն ընկավ, հրացանները բացվեցին, ամեն բան մթնումը խառնվեց իրար ու իրար խառնված ընկավ դեպի ներքև։

Ակնակիր մթնում ոչինչ չէր երևում։ Փայլակի լուսով վայրկենաբար բացվում էր ահռելի տեսարանը, բայց մարդու աչքերը որոշ բան չէին կարող նկատել այն թոհուբոհի մեջ։ Աչքերը չէին կարող նկատել, բայց հրացանների ձայները ցույց էին տալիս, թե որ կողմից են գնում,— հովիվների աղաղակը, որ կանչում էին՝ «Տարա՜ն, տարա՜ն․․․ Ալաբաշ, հե՜յ․․․»։

Այդ ձայներն էլ հետզհետե հեռացան, նվազեցին, ու էլ ոչինչ չէր լսվում։

Անձրևը միալար շրըփում էր, և ամպը խուլ ճայթում ու որոտում հեռու լեռներում։


5

Լուսադեմին տղերքը վերադարձան։ Դեռ հեռվից լսվում էր նրանց ուրախ-ուրախ խոսոցն ու ծիծաղները թանձր մշուշի մեջ։ Ապրանքն ական ու անվնաս ետ բերին հանձնեցին սարվորին, իրենք հավաքվեցին հովիվ Չատնի վրանը, որ հաց ուտեն։

Նրանք իրենց հետ բերել էին մի քրդի քոլոզ, վահանն ու թուրը։

Իսկույն տարածվեց, թե տղերքը մի քուրդ են սպանել, ու հետաքրքրած սարվորները եկան խռնվեցին վրանի ներսն ու դռների արանքում։

81