Գընդակն առած գընում էր փուչ աշխարհքից,
Գանգատվելով մարդու անգութ արարքից,
Արյուն տալով, մըղկըտալով իր վերքից
Էս սարերում լաց էր լինում մի պախրա։
Աստված սիրող՝ որսին թըվանք չըբռնի,
Երկինք սիրող՝ որսի միսը թող չառնի.
Դարդոտ Քյարամ տեսավ ծովում արյունի՝
Էս սարերում լաց էր լինում մի պախրա։
Ամենքը քնեցին. ես մնացի զարթուն։ Գիշերն էս տեսակ տեղերում անսովոր մարդը չի կարողանում քնել, հազար ու մի ձեն է լսում, հազար ու մի բան է երևակայում։
Էն անշուշտ գիշերվա հովն էր, որ շարժում էր սիմինդրները, բայց ինձ թվում էր, թե Օվակիմ բիձու ասած պախրեն էր բոստանը մտել։ Գիշերվա մթության մեջ հեռվում սև կերպարանքներ էին երևում ու կարծես շարժվում էին։
Ու անքուն էի ես։
Գիշերվա մի ժամին դուրս եկա դափի դուռը։ Պարզ աշնանային գիշեր էր։ Չոր ցուրտը սեղմում էր։ Ձորերը խուլ թշշում էին։ Նրանք էլ ասես քնել էին, Օվակիմ բիձու նման փշշացնում էին խոր ու հանգիստ։
Բայց Քարվան-ղռան աստղը արդեն դուրս էր եկել․ մեր ճամփա ընկնելու ժամանակն էր։ Ես վեր կացրի իմ ընկերներին։ Նրանք շտապով հագան իրենց տրեխները, ու վեր կացանք դեպի Եղնուտի կիրճը․․․
Արշալույսից առաջ մենք դարան էինք մտած Եղնուտի կիրճում։ Ես իմ դիրքից պահում էի առաջիս ընկած բացատը։ Դիմացս կանգնած էր խոր ու անթափանցելի մութն անտառը։
Հետզհետե գիշերվա խավարն սկսեց նոսրանալ։ Ժայռերը խոժոռ, քնաթաթախ դուրս նայեցին աղջամուղջի միջից։
88