Կիրակոսը մրսել էր, անկողին էր ընկել, տանջվում էր տաքության մեջ։ Հարևանները հիվանդի շուրջը հավաքված օդեն լիքը զրույց էին անում ու չիբուխ քաշում։
― Տղե՛ք, սա որ քրտնի ոչ, բան չի դառնալ, եկեք սրան մի քարաբաղնիս անենք,― ծխի միջից առաջարկեց Նեսո բիձեն։
― Հա, էդ խելքս կտրեց,― հավանություն տվեց մի ուրիշը։
― Դրան էլ ուրիշ ճար չկա,― ձեն տվին էս ու էն կողմից։
― Կիրակո՜ս․․․
― Հը՜՜։
― Ասում ենք՝ քարաբաղնիս անենք, ի՞նչ ես ասում։
― Վախում եմ․․․ չդիմանամ․․․
― Տո՛, կդիմանաս, երեխա հո չե՛ս։
― Դե․․․ դուք գիտեք․․․ ձեզ․․․ մատաղ։
― Ա՛ղջի, պղինձը ջուր լցրեք բերեք․ մի փեշ էլ քար բերեք կրակն ածեք տաքանան։
Պղինձը դրին կրակին, քարերն ածին կրակի մեջ ու նստոտեցին։ Նեսո բիձեն սկսեց պատմել, թե քանի հոգի են ազատվել քարաբաղնիսով․ Մատնանց Դանելը, Մաթոսանց Մինասը, Ծատուրանց Ստեփանը, Մաշկավորանց Միկոն, մինչև որ ջուրն եփ եկավ, քարերն էլ կարմրեցին։
― Դե, ժամանակն ա, վե՛ր կացեք։
― Տղե՛ք, վախում եմ․․․ ― կանչեց հիվանդը։
― Դու սո՛ւս կաց։ Աղջի, մի երկու հաստ լեհեբ բերեք, մի չորս ու հինգ ուժով տղեք էլ եկեք էստեղ։