Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/98

Այս էջը հաստատված է

Շորերով փաթաթած եռման ջրով պղինձն ու հիվանդին դրին իրար հետ, կարմրած քարերը լցրին ջրի մեջ․ քարերը թշշացին, ամպի նման գոլորշին սկսեց բարձրանալ, շտապով վերմակները ծածկեցին ու չորս կողմից վրեն պինդ նստոտեցին։

― Վա՜յ, խեղդվեցի՜,― խուլ գոռում էր հիվանդը։

― Խեղդվիլ չես․․․ տղեք, պինդ նստեցեք։ Գլուխն ու ոտները ամուր պահեցեք։

Հիվանդը աղաղակում էր, օրհասական ջանքեր էր անում շարժվելու, բայց հինգ-վեց աժդահա տղամարդ վրեն նստած չէին թողնում։

― Ո՞ւր ես գնում, ― կանչում էին էս ու էն կողմից, վերևից սեղմում ու հռհռում։

― Հիմի թե չքրտնի՜։

Ու Նեսո բիձեն, հիվանդի վրեն նստած, չիբուխը բերանին շարունակում էր իր պատմությունը։

― Մի տարի էս մեր Աբգարն էլ էսպես մրսել էր։ Ղանթափու ծաղիկ բերին, չայ շինեցին խմացրին, պրաշոկ բերին, ջուր արին, տվին իրան, քացախ քսեցին, բան չի դառավ։

Ասի՝ տղերք, բերեք ես դրան մի քարաբաղնիս անեմ։ Թե՝ դե դու գիտես։ Բերի մի թեժ կրակ արի, Գարան տատի պռունգը կոտրած պղինձը ջուր լցրի վրեն դրի, քար հավաքեցի ածի շեղջը։ Ջուրն եփ եկավ, քարը կարմրեց։ Սա թե՝ վախում եմ։ Ախր նա էլ սրա նման մի լեղապատառ օքմին ա։

― Ադա, ընչի՞ ես ասում, Աբգարը հո սրտոտ մարդ ա։

― Վա՜յ, է՛, նրա սրտոտը որն ա։ Մի աշունք ես մի արջի բուն գտա։ Եկա ասի՝ Աբգար, արջի բուն եմ գտել, արի գնանք արջին բնիցը հանենք։ Գնացինք։ Ես մի ձող վեր կալա էս արջի բունը խըրխըթորեցի։ Մին էլ հանկարծ էն անտեր արջը դուրս եկավ ու ինձ կալավ։ Աբգար, քոմագ հա քոմագ։ Ո՞վ կտա Աբգար․ մին էլ տեսնեմ հրեն փախած գնում ա։ Արջի ձեռիցը մի կերպով պրծա եկա տուն։ Ասում եմ՝ ադա, դու էս ի՞նչ արիր։ Թե՝ եկա տուն, որ թվանք բերեմ։ Սուտ։ Վախիցը փախավ։

96