Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/112

Այս էջը հաստատված է

Այստեղ ի՞նչ հայհոյանք կա հայոց ազգին կամ ի՞նչ նա­խատինք հայոց դերասաններին։

-?

Սակայն հայոց մամուլը («Մշակ») շարժում է իր հռչակավոր մտրակը, հայ դերասանը բողոքում, հայհոյում է հանուն բեմի, թե ինչո՞ւ են ուղարկել, ի՜նչ բան է նա, ամո՜թ, խայտառակու­թյո՜ւն և այլն[1]։

Անցնում են ամիսներ։ Ֆրանսիական ժամանակակից մեծ դերասանը և արվեստագետը - Մունե Սյուլլի հայ ժողովրդի մի ընկերությանը ուղարկում է իր վկայությունը, թե Գալֆայան երիտասարդն ունի այն չնաշխարհիկ ձիրքերը, որոնք մարդուն դարձնում են ողբերգու դերասան։ Վկայության հետ անապահով երիտասարդի համար նպաստի առաջարկություն է լինում։

Նպաստը մերժվում է, իսկ վկայությունը, որ տպվեց հայոց մամուլի էջերում, ենթարկվում է հայկական ծաղրին ու կասկա­ծին։

Ժամանակ է անցնում։ Երիտասարդին Փարիզում մի ըն­տիր հասարակության և զանազան երկրների թղթակիցների ներ­կայությամբ բեմ են հանում ֆրանսիացիք։ Երիտասարդը փայ­լուն հաջողություն է ունենում, և ֆրանսիական, անգլիական, գերմանական, իտալական, իսպանական, բելգիական թերթերի Փարիզի թղթակիցները այդ թերթերում հայտնում են իրենց կար­ծիքը, միաբերան գովում են երիտասարդին, համեմատում են նշանավոր տաղանդների հետ, թատրոնի նոր աստղ են նախա­տեսնում...

Բոթը հասնում է հայոց աշխարհքի իմաստուններին։ Եվ, նրանք դարձյալ հերքում ու ծաղրում են մասնավոր շրջաններում և մամուլի մեջ, այս անգամ արդեն եվրոպացիներին ու նրանց հասկացողությունն էլ հետը... (Մուրճ, № 10—11, Սևյան, էջ 1578)։

Այս ի՞նչ բան է, ի՞նչ են ուզում այս մարդիկ, ինչո՞ւ են այս­պես երդված հակառակ կանգնել։

Ահա այս բանը շատ հետաքրքրական է և միաժամանակ շատ բնական։

Մի գաղտնի խորհրդով տաղանդի երևույթից միշտ վրդով­վում

  1. Մունե Սյուլլի (1841-1916) – ֆրանսիացի նշանավոր ողբերգակ, որը հռչակվել է Փարիզում Օրեստի, Համլետի և Էդիպի դերակատարումներով