Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/116

Այս էջը հաստատված է

վնասել են ժողովրդի զարգացման գործին և հուսահատեցրել են»։ «Եվ ի՞նչու»․․․ հարց է տալիս լրագիրն ու պատասխանում. «Որովհետև զուրկ են եղել կանոնավոր և հիմնավոր կրթությունից, որովհետև բոլորն էլ մեծ տիրացուներ են եղել, սկսած հենց Ստեփաննոս Նազարյանցից, որոնց հորդորել են, նոր ժամանակի պահանջին համեմատ, միջազգային տիրացուները»։

Խոստովանք լինի, այս վերջին տողերը ես լավ չեմ հասկանում։ Մենք գիտենք, որ Նոր-Դարը միջազգային տիրացուներ հակառակ կուսակցության մարդկանց է անվանում, բայց այստեղ ի՞նչ բան ունի Ստեփաննոս Նազարյանցը, ո՞վ է նրան հորդորել։ Այս անախրոնիզմն էլ, երևի, արել է այդ կուսակցության հիմքին զարկելու համար, և սրանից պետք է հասկանալ այն խոսքերի արժեքը, որոնցով մի ուրիշ առաջնորդողում աղաղակում է, թե ինչ որ ունեցել ենք՝ առաջ է եղել։ Այս մի շատ խավար ու տմարդի ձև է, որ ընդունակ է ամեն բան խառնաշփոթ անելու, նույնիսկ պարզ հասկացողություններն ու տրամաբանությունը և այսպիսի աբսուրդներ ասելու, թե ով որ հարձակվում է իր ազգի պակասավոր կողմերի վրա, նա տիրացու է։— Ինչո՞ւ. որ հայ գրողներին ասի տիրացուներ։ Բայց այս մարդիկ եթե երկու խոսք են ասում, մեջը երեք հանցանք կա անպատճառ։ Նույնպես և այդ նախադասությունը, բացի այն, որ մի մութ մտքով արած անախրոնիզմ և մի այլանդակ աբսուրդ է, միաժամանակ իր մեջ պարունակում է անխիղճ զրպարտություն. իբրև թե գրողները հայի մեջ միմիայն պակասություններ են տեսել, հոռի ու տգեղ կողմերն են մեծացրել ու ծաղրել աշխարհքի առաջ և վնասել են ժողովրդի զարգացման գործին։ Բայց բանն ասելը չէ, բանը ապացուցանելն է. ցույց տվեք տեսնենք մեր ո՞ր բանաստեղծը միմիայն հայի հոռի կողմերը երգեց, որ արժանացավ ձեր այսօրվա նախատինքին։ Ի՞նչպես չեք պատկառում Ալիշանի Նվագներից, ի՞նչպես չեք քաշվում Գամառ-Քաթիպայի ազատ երգերից, ի՞նչպես չեք ամաչում Պեշիկթաշլյանի աղու մրմունջներից, Շահազիզի ու Դուրյանի գործերից։ Գուցե նոր բանաստեղծներն են այդպիսի հրեշավոր երգեր երգել, ցույց տվեք տեսնենք ով է նա։ Մի՞թե մեր միակ