դրամատուրգ Սունդուկյանցը միմիայն նրա համար է Պեպո գրել, և միմիայն Զիմզիմովի վատ տիպն է դուրս բերել, որ հային խայտառակի աշխարհքի առաջ. թե՞ Պեպոն ու մյուս լավ տիպերը հայ չեն։ Իսկ մեր վիպասաններից արդյոք Րաֆֆի՞ն է այդպես վարվել իր Խենթի, Ջալալեդդինի, Խամսայի Մելիքությունների, Սամվելի, Կայծերի, մինչև անգամ Խաչագողի հիշատակարանի մեջ. Ծերե՞նցը՝ իր Թորոս Լևոնի, Երկունքի, Թեոդորոս Ռշտունու, Պռոշյա՞նցը՝ իր Սոս ու Վարդիթերի, Կռվածաղկի, և մյուս գործերի մեջ, Աղայա՞նցը՝ իր վեպերի ու բանաստեղծությունների մեջ, կամ նորերից Շիրվանզադե՞ն, Մուրացա՞նը, Փափազյա՞նը։ Միթե սրանք հիրավի իրանց գրվածքներով վնասել են ժողովրդի զարգացման գործին ու հուսահատեցրել են։
Դուք գրողներին զրպարտելուց ու նախատելուց հետո հարցնում եք. Ո՞րտեղ, ո՞ր ժողովրդի մեջ կգտնեք, որ տգետ մարդը, իր մանկությունը զրկանքով, օրերը նեղությամբ և ծայրահեղ խնայողությամբ անցակցնելուց հետո, խնայած կարողությունը զոհե, նվիրաբերե ուսման գործին, ուրիշների զավակների կրթության գործին։ Գտնում եք, որ այդ «գեղեցիկ և բարձր հատկություն է», որ «կարելի է որոնել և գտնել միմիայն մեծ և բարձր դրության հասած ազգերի մեջ»։ Գրողներին առաջարկում եք փառաբանել այդ առաքինությունները, նախատում եք, որ նրանք անտես են անում հայի այդ բարձր կողմը, և հենց դրանով էլ ապացուցանում եք, որ ոչ մի նմանություն չկա և ոչ մի հաշտություն չի կարող լինել ձեր և գրողների մեջ, որոնք, հիրավի, մեծ մասամբ զուրկ են դիպլոմներից, բայց ի ծնե կոչված են գործերի ներքին իմաստը թափանցելու, սրտերի գաղտնիքը կարդալու և այնտեղից խոսելու ժողովրդի հետ։
ԸՆԴԴԻՄԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
Ոմանք չարագուշակություններ էին արել երիտասարդ Գալֆայանի մասին, որ գնացել է Փարիզ դերասանական արվեստն ուսանելու։ Հակառակին այնտեղից նրա մասին բարի լուրեր