խնդրեմ, ձեր որոշումին հետևելով, եթե ամեն մի անհաջող ներկայացում համարենք համաշխարհային գույժ ու հայ գեղարվեստը ցեխի հետ հավասարեցնող իրողություն և այնպես դատենք ու դատապարտենք, ինչպես դուք եք անում Գալֆայանի վերաբերությամբ, որ անկարող է հանդիսանում Փարիզ, «Օթելլոյի» մեջ, Սարսեի առջև, այն էլ իբրև սովորող, 11/2 տարվա գնացած աշակերտ, ասացեք խնդրեմ, ի՞նչպես վարվենք վերև հիշված փորձառու տապալողների հետ։ Խնդրում եմ այս մասին մի փոքր մտածեք և եթե կմնաք ձեր հայտնած կարծիքի վրա, որոշեցեք ձեր ու սրանց պատիժը։ Չէ՞ որ դուք առանձին արտոնություն չունեք Շեքսպիրը տապալելու և հայ գեղարվեստը ցեխի հավասարեցնելու։ Իսկ ինչ վերաբերում է աֆիշային, այդ, հիրավի, շատ պարսավելի երևույթ է, որ դարձյալ չի հերքում, թե նա դերասանական շնորհք ունի։
Գալով պ. Չոպանյանին, պետք է ասել, որ այդ մարդը շատ թեթև է դատել սկզբում և շատ թեթև էլ դատապարտում է այժմ։
Նա ասում է, տարի ու կես առաջ եկավ Փարիզ և «. . . հակառակ իր աներևակայելի տգիտության, արտասանության արմատական թերություններին և հիշողության հիվանդագին պակասությանց (?), մենք անոնցմե եղանք, որ սիրեցին հավատալ, թե կանոնավոր ու երկարատև աշխատությամբ մը այդ երիտասարդը պիտի կարենար իր թերությունները սրբագրել և կրթված ու կազմված Թիֆլիս դառնալ, այնտեղ սկսելու իր դերասանական ասպարեզը» (Անահիտ, 1899, մայիս, էջ 220)։
Պ<արոն> Չոպանյան, այդքան թերություններ նկատեցիք, շատ լավ. հապա ի՞նչ արժանիք տեսաք, որ սիրեցիք հավատալ, թե նա բան է դառնալու։ Ասում եք «սիրուն գլուխ մը ուներ»․ մի՞թե կարծում եք ամեն մի սիրուն գլուխ ունեցող երկարատև աշխատությամբ մը կարող է ողբերգու դերասան դառնալ։ Շատ թեթև եք դատել։
Երբ եղավ այդ երկարատև աշխատությունը, որ ձեր հույսերն ի դերև ելան, և հետաքրքրական է իմանալ, այժմ էլ այն կարծիքին եք, որ երկարատև աշխատությամբ նա լավ դերասան կդառնա։ Վերջապես ձեր աչքի առաջ, նախքան