Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/120

Այս էջը հաստատված է

«Օթելլոն», «Համլետի» մեջ դուրս եկավ։ Եթե այնտեղ դիմացավ և ճիշտ էր այն հիացումը, որ հայտնեցին այնքան մարդիկ ու լրագիրներ, մի՞թե այդ ոչ մի արժեք չունեցավ ձեր աչքում և ինչո՞ւ չեք խոսում նրա մասին, միայն այժմ եք Սարսեին խնդրում, որ այդ հանցանքի համար ների հայությանը…

Գանք Մշակին։ Իսկ դուք գրում եք՝ «շատ է պատահել, որ Մշակը համեստության դասեր է տվել (տեր ողորմյա) այս կամ այն անձին կամ հիմնարկությանը, բայց ի՞նչ։ Միկրոսկոպիական ընդունակությունների տեր մարդիկ միշտ կատաղել են մեր դեմ, ասելով, թե մենք այսպես խոսում ենք չկամությունից, թե մենք պիտի խրախուսենք, բարձրացնենք ամեն մեկին, որ շնորհք է ցույց տալիս, թե մենք մի շատ տարօրինակ սովորություն ունինք հալածելու, և այլն (Մշակ, 1899, № 86) և առաջ եք բերում «շատերից մի օրինակ»—Գալֆայանին։ Բայց սա դեռ օրինակ չի, պարոններ, սա դեռ վեճ է։ Օրինակը կատարված, վերջացած իրողությունն է։ Ես ձեզ ցույց կտամ, տեսեք որն է օրինակը և թե ինչ իրավունք է ձեռք բերել Մշակը։ Ահա ձեզ «շատերից մի օրինակ»։

Առաջին անգամ, երբ Թիֆլիսի հայոց թատրոնական կոմիտետը վճռեց Պոլսից բերել Ադամյանին, օր. օր. Աստղիկին ու Սիրանույշին, Մշակն այսպես սկսեց իրան դատը։ «Մենք . . . չենք ընդունում կոմիտետի մեջ այդ աստիճան անհասկացողություն, անգործնականություն և կարճատեսություն»։ Մենք չենք հասկանում, ասում է, թե ինչպես կարելի է Պոլսից դերասաններ կանչել, նրանք ուրիշ ուղղություն ունին, ուրիշ բարբառով են խոսում, «նրանց ուղեղի զարգացումը թեթև, վայր ի վերո է» և այլն («Մշակ», 1879, № 98, առաջնորդող Մենք չենք հասկանում

Երբ որ տեսնում է իրան չեն լսում և այսուամենայնիվ բերում են, բարկանում է, հայհոյում, թե Մշակը դասեր է տալիս, բայց չեն լսում տգետ, հանդուգն, անընդունակ մարդիկ, հասարակաց փողերը վատնում են և այլն։ Ամբողջ մի տարի Պոլսից եկած դերասանն ու դերասանուհիները Թիֆլիսի բեմի վրա խաղում են, ռուսաց թերթերը գովում են, ժողովուրդը հրճվում է, իսկ Մշակը քամահրում։ Հետևյալ տարին էլ