Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/123

Այս էջը հաստատված է

ապացուցանելու, որ ձեր անբարեխղճությունը մի որևէ սահման ունի։

Եթե դուք հավատում եք Պոլսի թերթերին և այնտեղից հրճվանքով արտատպում եք Գալֆայանի անհաջող Օթելլոյի լուրն ու յալլի պարում, ո՞րտեղ էիք, երբ նույն Գալֆայանը հաջող դուրս եկավ Համլետի մեջ և այնքան գովեցին գրեթե ողջ Եվրոպայի թերթերը, Պոլսինն էլ հետը։ Դուք խի՞ղճ ունեք։

Խոսքիս վերջում զարմանքս հայտնում եմ Մուրճի խմբագիր պ. Արասխանյանին, որ կարծում է, թե ես բավականաչափ չեմ գնահատված Մուրճում, նրա համար եմ Մուրճին հակառակ կարծիք հայտնում Գալֆայանի մասին (Մուրճ, № 5)։

ՄԵՐ ՆԱԽՈՐԴ ՇՐՋԱՆԻ ԲԱՆԱՍՏԵՂԾՆԵՐԸ

(Խ. Աբովյանի հիշատակին)

Այս դարի կեսերից մեր կյանքում ամենուրեք, ուր հայ է ապրում, սկսվում է մի եռանդուն մտավոր շարժում, եղած ուսումնարանների վրա տասնյակներով նոր ուսումնարաններ են բացվում, հին ուսումն ու ուսուցման խալիֆայական եղանակը դատապարտելով, մանկավարժական նոր ձևերով, կյանքի պահանջներին ավելի հարմար նոր գիտելիքներ են ավանդվում. իրար հետևից պարբերական թերթեր են հրատարակվում և հայոց հրապարակախոսը յուր թերթի ճակատին նշանաբան է դնում՝ «Այսուհետև ոչինչ եգիպտական քուրմեր, որ կամեին լինել գիտության միակ պահապանքը, այսուհետև ոչինչ Չինական պարիսպ, որ պիտո է փակեր լուսավոր գաղափարների մուտքը ազգերի մեջ։ Այսուհետև լույս և ճշմարտություն և ազատություն խավարի բաբելոնյան գերությունից» («Հյուսիսափայլ»)։

Այդ ժամանակներից տպագրությունը լայն ծավալ է առնում, և հայոց գրողը, որ գրաբար էր գրում, և որքան կարող էր ավելի խրթին, որ զարմացնի ու ցույց տա, թե «որքան խորը տեղյակ է հայերենին», կանգ է առնում՝ միտք անում.