Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/127

Այս էջը հաստատված է

են, որ այսքան նվաստացնում են պ․ Մասեհյանի թարգմանությունը, բայց ազգային թերթերի մեջ («Տարազ» 1896, № № 40, 41, 43, 44 և 45) այդ գործի մասին խոսողներից մեկն էլ ես եմ եղած և չեմ հավանում պ. Բաբազյանի այդ խոսքերը։

Ահա մենք սրտագին ողջունելով նրա աշխատությունը, համառոտ ցույց կտանք նույն տեսակ թերություններ, ինչ որ ժամանակին նկատել ենք պ. Մասեհյանի թարգմանության մեջ։ Եվ թող նա չկարծի, թե այս տեսակ նկատողություններով դիտավորություն ունենք հերքելու իր, ինչպես և իր նախորդի, գործի լրջությունն ու կարևորությունը։

Օրինակներ բերենք։

Համլետ Պոլոնիուսին ասում է.

— Այո՛, պարոն, պարկեշտ լինել ինչպես աշխարհս կքալե, կընշանակե տասն հազարեն մին ընտրել։ 54։

Քերականորեն սխալ այս նախադասության միտքը միանգամայն հակասում է Համլետի հայացքներին և իսկույն մատնում է իրան։

Պ. Մասեհյան այսպես է թարգմանել.

— Ա՛յ, լինել ազնիվ այսպիսի աշխարհում, այդ է՝ լինել ընտրյալ տասն հազարներից։

Հանգուցյալ Ադամյանի դերի մեջ այսպես է եղել, — Այո՛, լինել ազնիվ մարդ, նշանակում է լինել ընտրյալ տասն հազարներից։

Բայց ջնջել է և իր ձեռքով գրել այսպես.

— Այո՛, աշխարհիս այս ընթացքի մեջ հազիվ կարելի է տասն հազար մարդոց մեջ մի ազնիվ մարդ գտնել։

Օֆելիան Համլետի հիշատակները վերադարձնելով ասում է.

«…Անոնք իրենց անույշ բույրը կորուսին, ետ առեք զանոնք, քանզի ազնիվ հոգվո մը համար՝ ճոխ նվերներն իրենց արժեքը կկորսնցնեն, երբ նվիրատուք անբարեսեր կդառնան»։ 79—80։

Օֆելիայի բողոքն այն մասին չէ, թե Համլետ անբարեսեր է դարձել, այլ անտարբեր, ինչպես որ գործ է ածել և պ. Մասեհյան։ Այսպես են տրամադրում և Օֆելիայի խոսքերը, թե՝