Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/128

Այս էջը հաստատված է

մի ժամանակ, երբ ընծայեցիք «անոնց կընկերանային այնպիսի քաղցրաբույր խոսքեր, որ ավելի ևս ճոխ կընծայեին զանոնք»։ Այդ քաղցրաբույր խոսքերը հիշեցնելով ու անտարբեր անվանելով, Օֆելիան ուզում է սիրո խոստովանություն, նորից քաղցրաբույր խոսքեր դուրս կորզել Համլետի բերանից, որ լսեն թաքնված թագավորն ու Պոլոնիուսը և ստուգեն, թե Համլետ անտարբեր է դեպի Օֆելիան թե չէ, սիրո կսկի՞ծն է պատճառ, որով նա կտառապի, թե ուրիշ վտանգավոր մի պատճառ կա, որի կասկածն անհանգիստ է անում հանցավոր արքային։

Համլետը դերասանին ասում է․

— Ըսե՛ք, կխնդրեմ, այն հատվածը արագությամբ, ինչպես ես արտասանեցի, և այլն։ 83։

Արագությամբը թարգմանիչը սահուն բառի տեղն է գործածել։ Համլետ իր խոսքի շարունակության մեջ խրատ է կարդում դերասանական արվեստի մասին և ասում է. նույնիսկ կրքի հեղեղի ու փոթորկի ժամանակ պետք է չափավորություն պահել գործողությունը խոսքին հարմարեցնել, խոսքը գործողության։ Նա չէր կարող այդպես հորդորել դերասանին։

Պ. Մասեհյան ասում է՝ թեթև և ազատ։

Кетчер. ասում է плавно. Соколовский — легко и развязно.

Հանգ<ուցյալ> Ադամյանի դերի մեջ ասված է — հեշտությամբ և ազատ։

Այս խոսակցության մեջ Համլետ հիշում է Թերկամնդ և Հերոդ (Հերովդես) անունները։ Պ. Բաբազյան ծանոթության մեջ ասում է — հին ժամանակվան դերասաններ։

Այնինչ Թերկամանդ սառակինոսների մի կուռք էր, որին վերագրում էին չար ու դաժան բնավորություն, իսկ Հերովդեսը, Հրեաստանի հայտնի Հերովդեսն է, որ Շեքսպիրի ժամանակները սովորաբար ներկայացնում էին միստերիաների մեջ։

Գոնզագոյի սպանությունը ներկայացնելիս դուրս է գալիս Լուչիանոս։ Համլետ բացատրում է.