եկան մոտեցան մեր երկրի սահմանին և իմացան Lուսավորիչ իշխանի զորության, քաջության մասին։ Նրանց գլխավորը, որ մի խորամանկ և խելոք մարդ է եղել, կանգնեցրել է յուր զորքին ու ասել. «Քաջությունը երկու տեսակ է, նրանցից մեկը բազկի է, որի զորությամբ հասել ենք մինչև այստեղ, իսկ մյուսը՝ խելքի, որ գերազանց է բազկի քաջությունից. շատ բաներ պատմում են այս երկրի իշխանի ու ժողովրդի քաջության մասին, և դուք տեսնում եք, թե որքան անմատչելի է երկիրը։ Ասում են, որ այդ իշխանը պահակներ, դիտողներ ունի կարգած, և մենք մինչև առաջ դրանց չձեռք բերենք՝ չենք կարող մոտենալ իշխանական շենին»։ Այսպես խոսեց և յուր զորքերից կորովիները մի խումբ կանացի շորով՝ ներքուստ զինվոր, ճանապարհ ընկան իրենց տիրոջ հրամանը կատարելու։ Մնացած զորքը նույն տեղում պետք է սպասեր մինչև գիշերվա հասնելը։ Ուղարկված զինվորները հասան և կանացի շորով իբրև ուխտավոր, ամեն բան վերջացրին իրենց տիրոջ հրամանի համեմատ՝ «պահակներին ու դիտողներին սպանեցին»։ Յուր ապարանքում քնած միջոցին բարբարոսները հարձակվում են վայրենաբար շենի վերա։ Գրիգոր իշխանը աղմուկ լսելով, վեր թռավ, առավ յուր սուրը և վազեց թշնամու առաջ, բայց արդեն ուշ էր զորքը կարգի բերել․ սարսահար ժողովրդի մի մասը փախան ձորերը, մի մասը կռվեցավ և մեռավ այնտեղ, սպանվեցավ և Գրիգոր իշխանը։ Նրա քույրը (Խորիշահ) լսելով այս, սուր առավ և վազեց եղբորն օգնություն, կռվեց և նա ևս սպանվեցավ այնտեղ և քույր ու եղբայր թաղվեցան, ուր որ ընկան։ Անօրենները ավերեցին, քանդեցին շենը, որը կրակեցին, որը ավար առան ժողովրդի ստացվածքից։ Ժողովուրդը արձան կանգնեց յուր քաջ նահատակների վերա և հարգեց ու որդոց-որդի ավանդեց նրանց արարքն ու վախճանը մեզ։
Ինչպես ընթերցողը տեսնում է, այս ավանդությունը ամենևին չէ հակառակում Կիրակոս պատմագրի պատմածին՝ Գրիգոր Մամիկոնյանի մահվան մասին։
Այս բոլորը ի նկատի առնելով, մեզ համար անկասկածելի է, որ հիշյալ խաչարձանները պատմական հիշատակներ են Գրիգոր Մամիկոնյանի և նրա Խորիշահ քրոջ վերա։