1892
ՄՈՃՈՌՅԱՆՑ ՊԵՏՐՈՍ «Բանաստեղծություններ»
Աղեքսանդրապոլ. տպարան Աբրահամ Մալխասյանցի, 1892 թ., 68 երես, գինն է 25 կ.
Այս գրքի մասին ստիպում է խոսել ոչ թե արժանիքը, այլ այն հանգամանքը, որ լռությունը կխաբե հեղինակին, և նա, իրան շարունակ բանաստեղծ համարելով, իզուր և նույնիսկ վնասակար աշխատանք կանի գրականության համար։ Մանավանդ բանաստեղծի հռչակ ունենալու ցանկությամբ հիվանդացած է մեր երիտասարդների մի նշանավոր մասը, որոնք, չնչին բացառությամբ, նույնքան զուրկ են բանաստեղծական բնատուր շնորհքից, որքան և պ. Մոճոռյանը։
Սրանց սրտումը բանաստեղծական սրբազան կրակի տեղ մի ճճի կա, որ անհանգիստ է անում, ստիպում է մի գործ կատարել, մի փառք վաստակել, բայց որովհետև չեն կարողանում կամ չի հաջողվում այդ, գողանում են, մուրում են թեմաներ, մտքեր, այլանդակում են, հանգեր են թխում և անճոռնի հուսահատ աղաղակներով բարձրանում Ոլիմպոսի գագաթը՝ անհայտ չկորչելու և ավելի բարձր երևալու համար։
Սակայն նոքա չեն խաբել ընթերցող հասարակությանը և հայոց Մուսայի համար ընդհանուր արհամարհանք են վաստակել, բանաստեղծի նշանակությունը ծիծաղելի են դարձրել՝ այն տեղն են հասցրել, որ «Բանաստեղծություններ» վերնագիրը կրող գիրքը շատ անգամ առանց կարդացվելու է պախարակվում։
Այդ դժբախտ հերոսներից մեկն է պ․ Մոճոռյանը։ Մեր վկան նորա գիրքն է։
Վերցնենք առաջին ոտանավորը՝ «Մուսա», որ իբրև գոհար դրած է գրքի ճակատին։