Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/157

Այս էջը հաստատված է

գրական քննադատություններ։ Նյութականի մասին, եթե խոսք է եղել՝ ասել եմ․ մեր մեջ հենց որ խոսք է լինում գրականության ձախորդ պայմանների մասին, միշտ նյութական վիճակն են հասկանում։ Բայց դա որքան էլ ծանր հանգամանք լինի, ավելի շատ հետևանք է, քան թե պատճառ, և դա չի, որ գրականություն է ստեղծում։ Գրականության համար պետք է ունենալ ճաշակով, հասկացող, գեղարվեստի պահանջը դնող ու գրական գործը գնահատող հասարակություն։

Օրինակ Թիֆլիսը, ռուսահայոց մտավոր կենտրոնը։ Գրական շրջաններ չկան, խոսք չի լինում գրականության վրա, չեն հետաքրքրվում գեղարվեստով, չունեն հոգեկան ու գեղարվեստական հաճույքի ճաշակն ու պահանջը։ Մինչև անգամ լեզու չկա, եղածն էլ մի քանի հարյուր բառ է, հաճախ սուտ ու սխալ, մինը մյուսի տեղը դրած, և առհասարակ անկազմ ու անկերպարան, հարևան լեզուների մի աններդաշնակ խառնուրդ։ Ու մեր գրողները իրենց միշտ խորթ են զգում այդ հասարակության մեջ, իրենց լեզուն էլ մոռանում են այդտեղ։

Այս բոլորին որպես հետևանք նկատել եմ այն երևույթը, որ մեր գրողներից շատերի լավ գործերի մասին խոսելիս, հիշում են նրանց առաջին գործերը։ Ինչո՞ւ։

Որովհետև նոր մտնելով գրականության մեջ, դեռ թարմ ուժերով ու ոգևորված տվել են իրենց երախայրիքը։ Ապա ընկնելով մեր իրականության սպանիչ պայմանների տակ՝ հետզհետե թուլացել են և արբուն հասակում դարձել անտարբեր ու անպտուղ։ Միանգամայն հակառակը լուսավոր երկրներում ու լավ միջավայրում ապրող գրողների, որոնք հետզհետե զարգանում են ու բեղմնավորում։

Կամ սրանից ավելի վատն է պատահում մեր մեջ։ Գրողը հարմարվում է ամբոխի ճաշակին, անում այն, ինչ որ չպետք է անի, այն է տալիս, ինչ որ դուրս է գնում շուկայում։

Եվ այսպիսով ընկնում է տաղանդը։ Պարզ է, թե անբարեհաջող պայմաններ ասելով ես ինչ եմ հասկանում և անկումն ում է վերաբերում։