Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/158

Այս էջը հաստատված է

ՆԱՄԱԿ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ

Մանգլիս, 7 հուլիսի

Մեր դասագրքի մասին «Ժայռի» մեջ տպված լուրը առիթ է տվել ուսուցիչներից ոմանց մեզ դիմելու զանազան հարցերով ու առաջարկներով։ Նրանք ենթադրել են, թե «Լուսաբերը» լինելու է բարձր դասարանների հայերենի ձեռնարկ։ Հարկ ենք համարում հայտարարելու, որ մենք սկսել ենք սկզբից և առայժմ հրատարակում ենք առաջին տարվա դասագիրքը — այբբենարան և առաջին ընթերցարան։

Ստ. Լիսիցյան, Հովհ. Թումանյան,
Լ. Շանթ

ՎԻՐԱՎՈՐԱԿԱՆ ՀԱՐԳԱՆՔ

Ասպետական զգացմունքը պակասում է մեր մեջ: Մեր մարդը սիրում է խեղճությունն ու լացը և զարդարվում է նրանցով։ Եթե ուզում է մեկին էլ հարգանք ցույց տալ, նրան էլ ճգնում է ցույց տալ խեղճ ու ողորմելի: Այս տգեղ հատկությունը մեծ չափով հանդես եկավ հանգ<ուցյալ> Պռոշյանցի թաղման օրը։

Բաց գերեզմանի եզերքին աշխատում էին վեր հանել վիպասանի փառքն ու տաղանդը և… մինը գոռում էր, թե նա ածուխ էր վաճառում, մյուսը աղաղակում էր, թե նա դռնե դուռն էր ընկած, երրորդը նրա ընտանիքը նմանեցնում էր «ցիգանի ընտանիքի», չորրորդը հավատացնում էր, թե նա մերկ էր, հինգերորդը ողբում էր, թե սոված էր, իհարկե, վեցերորդին էլ մնում էր եզրակացնել, որ այդ բոլորից նա մեոավ…

Ապա լալկանության ու հառաչանքի ողորմուկ ձայնը, սովամահի ու մերկության ողբը տարածեցին ամբողջ գրականության վրա. էլ ապրողների «թշվառ վիճակը», էլ մեռածների «դողդողացող ուրվականները»… այնտեղից էլ մամուլի մեջ. «երկու կոպեկը» ձեռքին Րաֆֆին, անկոպեկ Արծրունին…