«Ոլիմպոսի սուրբ գագաթից Արամազդը զայրացավ, երբ... մի հողեղեն տեսավ։ Պերսեփոնին հրամայեց նրան Տարտարոս տանե... Դյուցազները սարսափեցին, բայց Մուսայի ահեղ դեմքը չսարսափեց (ղոչաղ դեմք)։ Այն ժամանակ Արամազդը հարցրեց. «Ասեք, Հերմես, Ապոլլոն... գուցե ձեր է սա ժառանգ մի երկրային կնոջից։ Եվ Ապոլլոնը չոքեց, ներում աղաչեց․
|
Ապոլլոնը չգիտեմ ինչպես հասկացավ այս հրամանը, միայն «խոստացավ Մուսային իր քնար... երգեց տխուր հրաժեշտով (հրաժեշտը), պատվերներ տվեց, «և երկնածին (չէ՛ որ երկրային կնոջից էր ծնվել) վեհ Մուսան հեշտագին սլացավ Ոլիմպոսի բարձունքից»։
Մուսայի աշխարհ գալու պատմությունն է երգի առարկան։
Բայց ինչու համար Արամազդը զայրացավ և Տարտարոս ուղարկեց հողեղենին, խեղճը խոմ «ահավոր բարձունքը չպղծեց»։ Ե՞րբ է Արամազդն արգելել հողեղեններին ներքև շրջել— երևալ։ Չէ՞ր կարելի ուրիշ բանով զայրացնել հայր Արամազդին (օրինակ մի ճանճ քթին նստեր, կամ մի օրինակ «Բանաստեղծություններ» ստանար Աղեքսանդրապոլից) Մուսայի քաջությունը ցույց տալու համար։ Բայց մի՞թե Մուսան յուր ահեղ դեմքից չսարսափելու համար աքսորված է Ոլիմպոսի գագաթից, և մի՞թե երկնայիններից ավելի քաջասիրտ է երկրային կնոջ ծնունդը...
Վերցնենք երկրորդ ոտանավորը՝ «Իմ րեզետային».
Բանաստեղծը յուր պարտիզի ծաղիկներից բաժանում է սիրուն հափրուկին (եթե րեզետան հափրուկ է, էլ ինչու չգրել հափրուկ) և զարդ ընտրում յուր սրտին անշուք (!)։ Հափրուկը զրկված յուր վիճակից «վարդափթիթ ծաղկի ստվերով անուշ հոտ էլ չի տարածում» (?). երգիչը զղջում է, թե ինչի (ինչու) քաղեց (վերևն էլ ասում է բաժանեցի — ուրեմն պոկել է) յուր քնքուշ ծաղկին և սպասում է (մենք էլ հետը) չորանալուն։