Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/164

Այս էջը հաստատված է
1909


ՈՉ-ԳՐԱԿԱՆ ՈՉՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՔՆՆԱԴԱՏ



«Մեղմ ու բարի լինելով՝ դու ասում

ես. մեղավոր չեն նրանք իրանց չնչին

գոյությունով։ Իսկ նրանց նեղ հոգին

մտածում է. մեղք է ծանրացած ամեն

մի մեծ գոյության վրա»։

Նիցշե


Աշխարհքում մի մարդ կա, անունը Ռ. Դրամբյան։ «Մի դիպվածով» էդ Ռ. Դրամբյանի ձեռքն են ընկնում իմ կազմած և իշխանուհի Մ․ Թումանյանի հրատարակած մանկական պատկերազարդ գրքույկները։ Կարդում է «Ծիտը»։ Բարեբախտաբար միայն էս մեկը։ Պարոնը սուր հիշողություն է ունենում։ Հիշում է, որ դա վերցված է Ս. Հայկունու առակներից։ Համեմատում է՝ տեսնում է նույնն է «բառացի»։ Կարդում է «Լուսաբերի» հեքիաթներից—նույն բանը… Մտածում է. ահա թե ինչով են «մեծանում» մեր «հեղինակություն ու դիրք ձեռք բերելու տենչով տարված գրագետները…», ինչով են փառք վաստակում ու գումարներ դիզում…

Մաղձը շարժվում է մարդուկի ներսը, տեսնում է «շանտաժ», «ժանտախտ» ու բարձրանում է անխնա «հարվածելու կծու խայթիչ լեզվով»։ Առանց ձեռքը դողալու, առանց զգալու, առանց տատանվելու գրում է «Գրական մեծությունները բանագող», նոր սերունդին բոյկոտի է հրավիրում նրանց դեմ («Մշակ, № 162) ու քիթը սրբում, աչքերը ճպճպացնելով վեր է կենում գնա իր սովորական ճանապարհը, որտեղից եկել էր «դիպվածով»։

Ո՛չ, կանգնեցեք, գրական մեծություններ սանձահարող անսանձ փոքրություն։ Էստեղ տվեք ձեր ականջներն ու կանգնեցեք