Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/168

Այս էջը հաստատված է

Հայկունին «Աշըղ Այհլորը»։ Իմ ծտի ոտը փուշ է մտնում, Հայկունու այհլորը փուշ է գտնում։ Իմ ծիտը տեսնում է պառավը փետի է ման գալի, ուզում է թոնիրը վառի, փետ չունի․ Հայկունու այհլորը տեսնում է պառավը թոնիրը վառում է, չի կպչում։ Իմ ծիտը գնում է տեսնում հովիվն անհաց է կաթ ուտում, Հայկունու այհլորը տեսնում է հովիվը «պտըտուրը» փրթել է կաթի մեջ, էնպես է ուտում։ Իմ ծիտը տեսնում է հարսանիքում մսացու չունեն, որ մորթեն, Հայկունու այհլորը տեսնում է շուն են մորթել։ Իմ ծիտը հարսը տալիս է աշուղին, ինքը դատարկ ետ գնում. Հայկունու այհլորը հարսը փոխում է «ճունգուլի» հետ։ Նրա այհլորը տալիս է աշուղի աչքը հանում, իմ ծիտն էդպես բան չի անում։ Հայկունու հեքիաթի ուղիղ կեսը կրկնություն է, իմ հեքիաթում չկա։ Իմ պատմածի ծտի երգը Հայկունու վարիանտում չկա։ Վերջապես Հայկունու հեքիաթը նրանով է վերջանում, որ այհլորը հարսին տանում է տիրանում։ Իսկ իմ ծիտը բոլորովին մնում է դատարկ, մինչև անգամ ձեռի սազն էլ երգելիս վայր է ընկնում կոտրվում ու դատարկ էլ թռչում է, գնում։

Մի քանի տող հեքիաթ և էսքան տարբերություն։ Եվ հեքիաթն էլ հենց ամբողջովին կազմված է սրանցից։ Դեռ լեզուն էլ թողնենք, մնա։

Ասեք, խնդրեմ, դիպվածական պարոն, սրա՞ն եք ասում՝ «նույն պատմությունն է բառացի»։ Սրանո՞վ եք եկել բանագող հռչակելու հայոց (ահա թե որտեղ է դժբախտությունը) գրական մեծություննե՞րը։ Սրա համա՞ր եք հայոց թերթերում նոր սերունդը բոյկոտի հրավիրում իմ դեմ։

Եվ էս դեռ էն է, որ ասում եք՝ «բառացի» եմ վերցրել, իսկ եթե մյուսներին գամ, որ նույնիսկ ձեր ասելով «փոփոխված են» կամ «ոտանավորի վերածած», ի՞նչ կտեսնեք։ Բայց սրանից հետո, որքան էլ դուք Դրամբյան լինեք, գլուխներդ պետք է մտնի, որ ոչ թե չեմ օգտված Հայկունու վարիանտից, այլ իմն ու նրանը միանգամայն տարբեր վարիանտներ են։ Նրա հերոսը իր գտածն է տալի, իմը իր ցավը, նրա հերոսը հարսի տեր է դառնում, իմը մնում է դատարկ։ Եվ նրա վարիանտը ես չեմ էլ հավանում, սխալ եմ համարում։