նման, չի կազմել զանազան տեղերից ու վարիանտներից ու չի մշակել, այլ անփոփոխ վերցրել է ժողովրդինը, և մինչև անգամ էն էլ իսկի ինքը չի գրի առել, այլ բառացի, ինչպես կա արտագրել է ուրիշի ժողովածուից։ Ջափա քաշեցեք, կարդացեք հենց ձեր բաց արած երեսը (17), Աշըղ Այհլորի տակը, տպած է. «Խոյեցոց մանկական առակներից. Հայթաղ գյուղի բարբառով. գրի է առնված Հարություն Ավչյանի ժողովածուեն»։
Արդյոք հասկանո՞ւմ եք ինչ եք անում և կամ կարո՞ղ եք հասկանալ, ո՛վ Դրամբյան։ Նրան իր արտագրածի համար ասում եք Ս. Հայկունու աշխատությունը, իսկ ինձ իմ կազմածի ու պատմածի համար՝ բանագող…
Բայց դեռ կացեք ցույց տանք, որ դուք էդ անհույս կուրության ու անհատակ տգիտության հետ միաժամանակ և իսկի տեղեկություն չունեք Էն առարկայից, ընչից որ խոսում եք։
Թողնում եմ, որ իմ չարաբաստիկ «Ծիտը» ու «Լուսաբերի» մյուս հեքիաթները գրված են շատ առաջ, «Լուսաբերի» ձեռագրի հետ միասին գտնվում էին ցենզորի մոտ ու գիրքը տպելու թույլտվություն էր ստացված, որ Հայկունու առակները դուրս եկան։ Թողնում եմ մի կողմ, որ ես լոռեցի եմ ու էն գլխից, ոչ «դիպվածով» սիրել ու հետաքրքրվել եմ հեքիաթներով, լեգենդներով, առակներով, և շատերն անգիր գիտեմ դեռ մանկուց։ Էդ բոլորը թողնում եմ մի կողմ։ Ներքև նայեցեք, բեխաբար պարոն, որ զարմանքով տեսնեք, թե էդ հեքիաթներից քանի-քանի վարիանտներ տպված են եղել Հայկունու գրքի դուրս գալուց ու ձեր տխուր ծագումից տասնյակ տարիներ առաշ։
Համեցեք Ծրտի կամ Աշըղ Այհլորի վարիանտները.
1) «Վարժարան», մանկավարժական ամսագիր, 1883 թ․ № 6. Էջ 77, Ճուտիկը. Ա. Մեհրաբյան։
2) Գ. Տեր-Աղեքսանդրյան—«Թիֆլիսեցոց մտավոր կյանքը». 1885 թ. էջ 412, Ծըտի վուտի փուշը, թիֆլիսեցոց բարբառով։
3) «Հայ ժողովրդական հեքիաթներ», Տիգրան Նավասարդյանի, 1894 թ. 8 գիրք, էջ 63, Կորսված աղջիկը. Խրիմու բարբառով։