Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/172

Այս էջը հաստատված է

«Լուսաբերից» եք խոսում։ «Լուսաբերը» կազմելու համար մենք ամենալայն կերպով օգտվել ենք ժողովրդական նյութերից և պիտի օգտվենք միշտ, որքան էլ կծու լինի Դրամբյանը ու խայթիչ։ Էն էլ ոչ միայն մեր ժողովրդականից ենք օգտվում, այլև օտար աղբյուրներից՝ ռուսական, ֆրանսիական, գերմանական, լեհական, բայց մանավանդ անգլիական ու ամերիկական, հարկավ, մեր ինքնությանն ու մեր մտածողության եղանակին հարմարեցնելով։

Հեղինակի անունը հիշում ենք, եթե մի ուրիշ հեղինակից ենք վերցրել նույնությամբ, ինչպես, օրինակ, կտեսնեք տպած Ամիչիս, Մամին Սիբիրյակ, Շիլլեր, Գյոթե, Անդերսեն։ Եթե փոփոխած կամ վերապատմած է՝ ըստ Ամիչիսի, ըստ Մամին Սիբիրյակի, որ կտեսնեք ձեր բարի աչքով։

Գալով ժողովրդականին, նույնպես բոլորի դիմաց նշանակում էինք «ժողովրդական» կամ «ժողովրդականից»։ Բաց արեք «Լուսաբերի» 1907 թ. Ա. տարվա ցանկը և կտեսնեք։ Բայց հետագայում խմբագրությունը, ինչ-որ փոփոխված է, իր իրավունքը չհամարեց անվանել ժողովրդական ու վարվեց էնպես, ինչպես ամբողջ աշխարհքն է վարվում՝ միայն զուտ ժողովրդականի դեմը թողնել «ժողովրդական» բառը։

Եվ ահա էսպես, ո՛վ հայոց գրականության խուզարկու Դրամբյան։

Ինչպես տեսնում եք, ժողովրդական նյութերը՝ հեքիաթները, լեգենդները, առակները, երգերը, անեկդոտները թափառում են գավառից գավառ, երկրից երկիր, լեզվից լեզու, ազատ, անպասպորտ։ Եվ իսկի մի զարմանաք, որ Ս. Հայկունու գրքից դուրս էլ նրանց հանդիպում եք էսքան շատ վարիանտներով կամ հենց նույնությամբ, մանավանդ նույն երկրում, նույն ժողովրդի մեջ։ Մի՛ զարմանաք ու մի՛ զայրանաք, ո՛վ Դրամբյան։

Տեսնո՞ւմ եք, ես «դիպվածով» չեմ զբաղվել էս գործով։ Տեսնո՞ւմ եք Հայկունու գրքից առաջ էլ ինչքան նյութ ու քանի վարիանտ եմ ունեցել ձեռիս տակ, և ես ավելի զգույշ ու լուրջ եմ վերաբերվել մի «ծըտի», քան թե դուք մի «գրական մեծության»։ Դարձյալ մի՛ զարմանաք, ո՛վ Դրամբյան, այլ