Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/173

Այս էջը հաստատված է

հասկացեք, հենց էստեղ է տարբերությունը, «մեծության» ու «ոչնչության»։

Ես էլ շատ եմ ցավում, ո՛վ քնքուշ Դրամբյան, որ Հայկունին մեռավ հետին չքավորության մեջ, ինչպես մեռան Րաֆֆիները, Գամառ-Քաթիպաները, ու դեռ շատերը պիտի մեռնեն էս փուչ աշխարհքում։ Էդ ճշմարիտ է․ բայց, հավատացնում եմ, հանգուցյալը դրանից չմեռավ, որ ես «Ծիտը» գրեցի… Ահա տեսեք, ինձանից ու Հայկունուց ուղիղ 26 տարի առաջ Ա. Մեհրաբյանը նույն հեքիաթը գրել է «Վարժարանի» մեջ…։

Ի՞նչ անենք, ո՛վ Դրամբյան, ծաղիկը դրած է մեջտեղը և նույն ծաղկից մեղուն մեղր է շինում, օձը՝ թույն։

Էդ ժողովրդական նյութերը անհիշելի ժամանակներից անհուն ու անսպառ փռված են մեջտեղը. ինչո՞ւ չէիք օգտվում, ո՛վ Դրամբյան։ Եվ եթե օգտվողի դեմ խոսելու էդքան ախորժակ ունեք, ինչո՞ւ ավելի մեծ բանից չեք խոսում, քան թե «Ծիտն» է։ Մի Սասունցի Դավիթ… քանի ժամանակ էր բանահավաքները Մոկաց մութը լեռներից բերել էին ձեր առջևը ձգել։ Բացատրում էին ու հիանում։ Սակայն ձեզ համար ու ձեր երեխաների համար նա գոյություն չուներ ու չկար։ Չէ՞ որ նույն ժողովրդական նյութն եմ վերցրել ու միայն պատմել, կամ ինչպես դուք ասում եք, «վերածել ոտանավորի» և էն էլ աշխատել եմ որքան կարելի է «բառացի», ժողովրդականին հավատարիմ․ ուրիշ ոչինչ։

Ո՞րտեղ էիք, ո՜վ Դրամբյան։ Հիմի համեցեք, երբ որ «բառացին» էդքան հեշտ է, հմայիչ, հեղինակի կոչում է տալի և գումարներ է դիզում։ Ահա, փռված են…

Բայց ո՛չ, ձեզ չի տված՝ ոչ եղածը վերցնելու շնորհքը, ոչ ստացածը գնահատելու առաքինությունը, այլ համբակի թեթևամտությունը և տափակ, փոքրիկ հոգու մաղձն ու թույնը։

Եվ զուր եք կարծում դուք, դուք և բոլոր ձեզ նման Դրամբյանները, թե ես իմ էդ գործերով շատ եմ ինքնագոհ ու մեծ բաներ եմ համարում։ Մեծ բաներ են, այո՛, բայց ո՛չ ձեզ համար․ և ձեր խելքը հազիվ թե «Ծտին» էլ հասնի, իսկ ինձ համար—երբեք։