Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/175

Այս էջը հաստատված է

կրկենի արավ (բաղարջ), գցեց կրակը։ Կրակի չորս կողմը կտրած նստել ենք, սպասում ենք կրկենուն, մին էլ տեսնենք քյոխվեն մի զինվոր բերեց, թե գիշերը պետք է պահեք։ Ինչ ասել կուզի, շատ սիրով ընդունեցինք, շոր գցեցինք տակը, կրակի մի կողմն էլ նա նստեց։ Դե լեզու չգիտենք, բան չգիտենք։ Հիմի հերս չիբուխ է քաշում, մերոնք էլ զրուց են անում, թե ինչպես ռուսն եկավ մեր երկիրը խաղաղություն գցեց, ու օրհնում են ռուսին, ռուս սալդաթին…

Հենց էս ժամանակը սալդաթը տեղիցը վեր կացավ, էն կողմից կասկարենքը վեր կալավ բերեց, որ գցի կրակին, թաղած կրկենու վրա։

Ախպերս վրա թռավ կասկարենքը էն կողմը հրեց, աղաղակելով.

― Բրա՛տ, կրկենի՜, կրկենի՜․․․

Զինվորն, իհարկե, բան չհասկացավ, նեղացավ, մի քանի խոսք փնթփնթաց. էն էլ մենք չհասկացանք, ու կրկին կասկարենքը բերեց դեպի կրակը։ Ախպերս դարձյալ հրեց դենը։ Նա քանի բերեց կրակին, սա հրեց դենը, և սրանց մեջ սկսվեց մի լուռ կռիվ։ Հասավ էնտեղ, որ բռնեցին ու սկսեցին իրար քաշքշել։ Բայց էդ միջոցին կարող էր կրկենին այրվել, ու մենք հանեցինք մոխրի տակից։ Զինվորն էս որ տեսավ, «ա՜…» բացականչեց ու հանգստացավ, ախպորս օձիքը թողեց, իր տեղը նստեց։ Նորից կրակն իրար արինք, նա էլ իր «կատյոլը» դրեց վրեն, մենք էլ, ինչով կարող էինք պատվեցինք։ Թյուրիմացությունը դուրս եկավ մոխրի տակից, կռիվը վերջացավ սիրով, ու սիրով էլ առավոտը բաժանվեցինք, օրհնանքով ճանապարհ դրինք դեպի կռվի դաշտը։

Այժմ ամեն անգամ երբ խոսք է լինում մեր «սեպարատիզմի» մասին ու քաշքշում են մեզ զանազան լրագիրներում, հրապարակներում, կամ ամեն անգամ երբ ժողովուրդները, կամ ավելի ճիշտը, ժողովուրդների անունով խոսողները իրար օձիք են բռնում ու ատելությունը բորբոքում մարդկանց սրտերում― միտս է գալի էս կրկենու պատմությունը ու մտածում եմ. անկարելի բան է, որ էս մարդիկը էսքան վատ ու չար լինին, անշուշտ սրանք ինչ որ