Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/179

Այս էջը հաստատված է

փառաբանությանների ցանկն ու ցուցակն էլ զարգանում ու մեծանում է հետը մի շատ ինքնուրույն տգեղությամբ։

Հարգելու մարդիկ կա՞ն. շատ գեղեցիկ։ Տոնելու գործեր կա՞ն, գանք հրճվանքով ու երգերով։ Բայց օրինակ պետք է առնել հասկացող ժողովուրդներից, հենց թեկուզ մեզ մոտիկ ռուսները, տեսնենք նրանք ինչպես են անում։ Եթե նրանք էլ մեզ նման հոբելյաններ կատարեին, տարեկան մի քանի տասնյակ հազար հոբելյան պիտի տոնեին. և ամեն մեկի հոբելյանն էլ եթե դնեին ամբողջ ռուս ժողովրդի առջև ու հորդորեին, հրավիրեին, թե եկեք պսակելու, փառաբանելու էս ինչ գրողին, դերասանին, խմբագրին, գյուղատնտեսին, ուսուցչին, քահանային և այլն, և այլն, երևակայո՞ւմ եք, թե ի՛նչ ազգային աղետի բնավորություն կարող էր առնել։ Եվ եթե ամեն անգամ ամեն մեկի հոբելյանին հավաքվեին ու ճառեին, թե դու ես որ կաս և քեզանով է որ մենք կանք, քեզանից է սկսվում ամեն բան և զանազան համեստ հաց ուտողների մեծ ու հանճար հռչակեին աշխարհքովը մին, երևակայում եք, թե ի՛նչ հոյակապ մասխարություն էր լինելու։

Նրանք էլ են հոբելյաններ տոնում, բայց ամեն մեկին իրեն շրջանում։ Մին էլ կարդում եք լրագիրներում, թե էս ինչ գրական, հասարակական կամ քաղաքական գործչի հոբելյանը տոնել են էս ինչ շրջանում։ Ուրիշ բան է, եթե նա կունենա էն տեսակ մի մեծություն, օրինակ, մի Տոլստոյ, որի գլուխը երևում է ամեն աշխարհից, որի հոբելյանն էլ, տոնելու եթե խնդիր լինի, ուզենան էլ, չեն կարող պարտակել մի որևէ շրջանում, և վերջապես նրան կարող էր, այո՛, համայն ռուս ազգը գալ պսակելու աշխարհի առջև ու աշխարհքի հետ և ասել՝ քեզ պսակելով պսակում եմ ինձ՝ ռուս ազգի ամբողջությունը, քեզ տոնելով՝ ռուսական հոգու, ռուսական հանճարի հաղթանակն եմ տոնում։

Ժողովուրդը եթե չի հասկանամ, հասկացողները էնքան խղճմտանք պետք է ունենան, որ նրա անհասկացողությունը ի չարը չգործ ածեն ու նրա տգետ գլուխը դարձնեն պատվանդան իրենց համար արհեստական բարձրություններ