իր անհատական խեղճությունն ու դատարկությունը հեշտ կտարածի իր ամբողջ ցեղի ու նրա անցյալի վրա, կարհամարհի իր ցեղը, իր անունից կամաչի, կուրանա, իրեն թույլ կտա իր ցեղին վերաբերյալ ամեն ստորություն, և շատ-շատ կդառնա մի միջազգային ոչնչություն, որ աշխարհքում ոչինչ չի հարգում սկսած իրենից: Կամ թե չէ կընկնի մյուս ծայրը, իր ցեղը կհամարի աստծո ընտրյալ ժողովուրդը, «12 խաչապաշտի, եթմիշիքի միլլեթի գլուխը», և կույր ազգասիրական տենչով բռնված չեղած մեծություններ ու փառքեր կզառանցի` հասկացողություններ, ժամանակներ ու դեպքեր իրար խառնելով, մի վիճակ, որ հաջող քառյակով ծաղրել է հանգ. Ռ․ Պատկանյանը, թեև ինքն էլ ազատ չէր էդ պակասությունից։
|
Հիմի ժողովրդից հարցրեք: Մինը երգում է, թե նահապետական պարզ ժողովուրդ է, մյուսը հայհոյում է, թե փչացած խալխ է, մինը հավատացնում է, թե ազատամիտ մշակական է ու ամեն հարցում իրեն հետ ու համաձայն, մյուսը պնդում է, թե տիրացու ազգ է, եկեղեցուց ու հոգևորականից դուրս ոչինչ չի հարգում, այնինչ երրոդը ասում է` սոցիալիստ է․․․
Եվ մինչև էսօր չիմացանք ու չգիտենք, թե ի՛նչ բան է էդ խորհրդավոր սֆինքսը, որ տխուր նստած է Ուրարտուի հին արձանագրությունների կողքին` աչքերն արցունքով ու վշտով լիքը:
Հապա գրականությո՞ւնը:
Հայոց ամբողջ նոր գրականությունը հազիվ թե մի քանի ամսվա ընթերցանության նյութ լինի, և, սակայն քանի՞ հոգի կգտնենք, որ ծանոթ լինեն իրենց մայրենի գրականությանը: Միշտ կտեսնենք բերան արած կրկնում են էս կամ էն գրողի անունը, գովում, երկինք են հանում կամ պախարակում,