ցեխն են կոխում: Հետաքրքրվեցեք, հարց ու փորձ արեք, կտեսնեք ծանոթ չի, կարդացել չի. էստեղից մի կտոր, էնտեղից մի բրթուջ, հաճախ ծուռն ու սխալ: Եվ ո՜րքան գրական տգիտություն, ի՜նչ կոպիտ ճաշակ, ի՜նչ գռեհիկ վերաբերմունք դեպի գրականությունն ու գրողները: Ի՛նչ վիրավորանք քննադատելիս, վիճելիս, օգնելիս, հոբելյանը կատարելիս, մինչև գերեզմանի եզերքը, մինչև թաղման օրը: Իսկ գծծիությո՞ւնը․․․ Ամբողջ նոր գրականության արժեքն ի՞նչ է, գիտեք։ Անշուշտ չգիտեք,― մի հարյուր ռուբլուց էլ պակաս։ Ամբողջ գրականության արժեքը․․․ Եվ քանի՞ մարդու տան կգտնեք ամբողջ ժողովրդի մեջ․․․ Հայը սովորաբար ցավում է փողը ծախսելիս, բայց գրքի տալի՜ս―էդ ծախսը ուղղակի չի հասկանում՝ մանավանդ երբ գրքի գինն էլ մի ռուբլուց ավել է։
Լեզուն հո․․․ գրականության մեջ անկազմ ու անկերպարան, մամուլի մեջ աղքատ, ողորմելի մի երկու երեք հարյուր բառերի չոր ու ցամաք շարան, շատ անգամ էն էլ ծուռն ու սխալ։ Մի քիչ կրթված տուն ենք մտնում, ներողություն են խնդրում, որ հայերեն չգիտեն, կամ թե չէ, ամենալավ դեպքում, եթե գիտեն, շարունակ լսում եք՝ «նրա մոտ ձայն չկա․․․ հրացանից արձակեցին․․․ Ձեզ կարելի՞ է ուտել․․․ («Вам можно кушать») ու նման մարգարիտներ։
Էսպես է դրությունը: Եվ եթե ճշմարիտ էսպես է, սրանից հետո էլ ի՛նչ ուղիղ ճանապարհի կարող է լինել էս դրության մեջ գտնվող ժողովուրդը, ի՛նչ արժանապատվության զգացմունք կարող է ունենալ և ի՛նչ հարգանք հենց դեպի իրեն: Եվ ի՛նչպես կարող է պատահել, որ մեզ սիրեն ու հարգեն օտարները, երբ պարզ տեսնում են, որ մենք, որպես առանձին ժողովուրդ, չունենք ինքնուրույն պատկեր ու բովանդակություն և հանդիսանում ենք միմիայն իր աղավաղումը։