Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/184

Այս էջը հաստատված է

Ուսումնարանի գաղափարը նրա հետ չի կապված, այլ շենքի։

Կհարցնեք.

― Ձեր գեղումն ուսումնարան կա՞։

― Հա՛։

― Քա՞նի աշակերտ կա մեջը։

― Աշակերտ չկա էս մի քանի տարին, և այլն։

Մի խոսքով գլխավորը պատերն են։

Գրականություն ասելով էլ երբեք կենդանի մարդիկ չեն հասկանում, այլ տպած գրքեր, և մինչև անգամ դրանից ավելի վատը՝ անուններ․․․

Թատրոնն էլ մի մեծ շենք է, որ բեմ ունի, մեջը տոմսարկներ են ծախվում ու դերասաններ են խաղում:

Իսկ դերասան կնշանակի― բեխերը վեր արած մարդ․․․

Ձևն ու ձևապաշտությունը ամեն տեղ, և վա՛յ էն մարդուն, որ էս տեսակ միջավայրում հասկանում ու սիրում է իրերի ու երևույթների ներքին իմաստը և մանավանդ նրանց առողջ ամբողջությունը։

էս տխուր խորհրդածության առիթը տվեց Թիֆլիզի հայոց թատրոնի խնդիրը, որ վերջին օրերս գրավել է մամուլի ու հասարակության ուշքը։ Հայոց թատրոնը մեռնում է, էսպես հայտարարեցին։ Եվ ահա կոնսիլիում են կազմել չքնաղ հոգեվարքի շուրջը ծերունի Մանթաշյանը, մի քանի ուրիշ հարուստներ և նրանց թամաշավոր մեծ բազմություն։

― Ի՞նչ է հարկավոր սրան, որ կենդանանա։

― Փող և սեփական շենք։

Նույն րեցեպտը ինչ որ գրեցին սրանից տարիներ առաջ։ Փող տվին, բայց նա կրկին մեռնում է։ Մեկն առաջարկում է, որ էս շենքից, Արտիստականից մյուսը փոխադրեն―ազնվականների թատրոնի շինությունը։ Բայց նա էնտեղ էլ կմեռնի։ Առաջարկում և հանձնաժողով են ընտրում սեփական շենք կառուցանելու։ Բայց նա դարձյալ կմեռնի, որովհետև․․․

Դուք արտաքին ձևի մեջ եք որոնում նրա կյանքը, երկրորդական տեղ եք տալի նրա ներքին բովանդակությանը,