Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/187

Այս էջը հաստատված է

թատերական գրվածքին։ Նրանք հավանություն գտած պիեսին, անուն ունեցող գրողներին զլանում են ամբողջ մրցանակը տալ, կեսն են տալի, որ կարծեմ 150 ռուբլի է։ Կավելացնեմ, որ Շիրվանզադեի, Ահարոնյանի և մյուսների պիեսները խաղում եք շարունակ ու իրենց, դրամատուրգներին թողնում զուրկ, բողոքավոր։ Կավելացնեմ վերջապես, որ հայոց թատրոնը, այսինքն թատերական գրականությունը խրախուսելու համար տրված գումարը ծախսել եք, կարծելով թե դուք եք թատրոնը և էդ թատրոնն է, որ հյութ է տալի գրականությանը, ոչ թե գրականությունը, որ հյութ է տալի թատրոնին։

Էդպես էլ դերասանների վերաբերությամբ։ Տաղանդավոր, ջահել մարդիկ են երևում, տարիներով քաշ են գալի էդ կիսամեռ բեմի կուլիսներում, մաշվում, փչանում, և դեռ մինչև էսօր հոգ չի տարված նրանցից մեկն ու մեկի վրա։ Բայց ի՞նչ եմ ասում, չեք էլ մտածել, որ նրանցից շատ շատերը մինչև անգամ կարգին հայերեն չգիտեն ու մինչև օրս էլ սրվակին սրիկա են ասում։

Թատրոնն էս է, պարոննե՛ր, իսկ դուք պատերին եք նայում։ Եվ ձեր էս սխալը ծանրանում է ավելի ևս, որ դուք ձեր խնամած էդ հիմնարկությունն անվանում եք հայոց թատրոն, մինչդեռ դա միայն Թիֆլիսի, էն էլ Թիֆլիսի մի փոքրիկ մասի թատրոնն է, իսկ հայոց թատրոնն էն կենդանի թատրոնն է, որին դուք լավ չեք վերաբերվում։

ՄԻ ԵՐԿՈՒ ԽՈՐՀՈՒՐԴ ՄԵՐ ԳԱՎԱՌԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԻՆ

Էս մի քանի տողով ձեզ, մեր գավառներում լույս տեսնող թերթերին դիմելով, մեր լեզվի ու գրականության առողջ զարգացման համար, ձեր լուրջ ուշադրությունը հրավիրում եմ հետևյալ խորհուրդների վրա։

Առաջինը. դուք ապրելու եք ժողովրդի մեջ, ժողովրդի համար և խոսելու եք նրա հետ։ Ի՞նչ լեզվով եք խոսելու. շատ կարևոր խնդիր է։ Դուք այժմ խոսում եք գրական կոչված լեզվով, էն լեզվով, որով խոսում են Թիֆլիսի ձեր