մեծ քույրերը։ Բայց իմացած եղեք, որ էս լեզուն աղքատ, չոր ու ցամաք բառերի մի տերողորմիա է, անոճ ու անկենդան։ Մի՛ շփոթվեք սրա քաղքենի հավակնոտությունից ու գովասանքից և անտես մի՛ անեք կամ վերևից մի՛ նայեք էն գավառների կենդանի բարբառներին, որոնց մեջ դուրս եք եկել գործելու։ Էդ բարբառներից ամեն մինը ավելի շատ ուժ ու կենդանության ունի իր մեջ, քան մեր եղած գրական լեզուն։ Սա դեռ չի կազմակերպված և չի էլ կազմակերպվելու, մինչև որ մեր ժողովրդի լեզուն իր բոլոր դաշտերից, սարերից ու ձորերից կենդանի վտակներով կգա միանալու սրա մեջ և բոլոր բարբառները հանդես բերեն իրենց գանձերը։ Այժմ դուք փոխանակ էս բնական ու առողջ ճանապարհով գնալու, հակառակ կգնաք և փոխանակ ժողովրդի լավը մեզ տալու, մեր սխալներն ու դատարկ, ողորմելի ֆրազները կտարածեք նրա մեջ։ Ես չեմ ասում զուտ բարբառով գրեցեք ձեր հոդվածները, բայց մեծ իրավունք տվեք բարբառներին, նրանց բառերին, ոճերին ու ձևերին։ Իհարկե, շնորհքի բան է, թե ով ինչքան ու ինչպես կօգտվի էդ կենդանի աղբյուրներից, բայց ինչ էլ լինի ավելի լավ կլինի, քան եղածը։ Եվ էս է ուղիղ ճանապարհը ավելի լավն ունենալու։
Երկրորդ խորհուրդը։ Ուրիշ երկիրներում գիտական ընկերություններ, ակադեմիաներ կան, որ զբաղվում են իրենց ժողովուրդի հանճարի ծնունդները խնամքով հավաքելով, իրենց մայրենի և ընդհանուր գրականության ու գիտության համար գանձարան ստեղծելով։ Եվ դրանց մեջն է, որ կգտնեք ամեն մի ժողովրդի ճշմարիտ կյանքն ու պատմությունը, բնավորությունն ու աշխարհայացքը, շնորհքն ու հոգին։ Մեզանում չկան էդ տեսակ կարող հաստատություններ և ով գիտի երբ են լինելու։ Մեր Ազգագրական Ընկերության կարևորությունը քիչ է հասկացված և քիչ մարդիկ կան նրա մեջ աշխատող։ Ո՞ւր էր, թե մեր Ուսուցչական Միությունը իր ամեն տեղ ցրված անդամ ուսուցիչների ձեռքով մտածեր հավաքել էդ անգին գանձերը կամ թե մեր Էջմիածինը մի գեղեցիկ կարգադրությունով հրավիրեր ուսուցիչներին ու կանոնավոր գրել իմացող քահանաներին օր առաջ գրի առնել