դեմ, որ մենք վայելել ենք նրա հովանու տակ և ոչ էլ Ռուսաստանին մոռացնել տա էն սերն ու համակրանքը, որ մենք ունեցել ենք դեպի նրան և որով փարել ենք նրա դրոշակին։
Էսպես է ասում ձեզ մինը էն բանտարկյալներից, որոնց անունով դուք Ռուսաստանի դեմ բողոքում եք սահմանադրական Տաճկաստանից։
Վերջին օրերս Թիֆլիսի արքունական թատրոնում երկու անգամ իրար ետևից ներկայացրին Շեքսպիրի «Համլետը», հայերեն՝ պ. Ամո Խարազյանը, ռուսերեն՝ պ. Դայլսկին։ Մինչդեռ հայերեն ներկայացման ծանր տպավորության տակ մտածում էի հայ դերասանի և նրա խմբի ապիկարության մասին, վրա հասավ անուն հանած ռուս դերասանը—պ․ Դայլսկին իր խղճալի թագավորով, իր տիկնիկ թագուհով, իր մուժիկ Պոլոնիուսով, իր անկենդան Օֆելիայով, իր փետի կտոր Լայերտով, վերջապես իր խոհարարուհի ու լվացարարուհի պալատական նաժիշտներով—ի մեծ մխիթարություն հայոց խմբի։ Եվ էսպես համերաշխ էս երկու խումբը Քրիստոսի չարչարանքի նախընթաց շաբաթը շինեցին Համլետի չարչարանքի շաբաթ։ Մեջները եթե մի երջանիկ բացառություն կար, էդ հայ Պոլոնիուսն Էր (պ. Միրաղյանը) միայն։
Ես կարծում եմ ո՛չ հոր եղեռնական մահը, ո՛չ մոր շուտափույթ ամուսնությունը, ո՛չ հորեղբոր ազգապիղծ վարմունքը, ո՛չ Օֆելիայի թեթևամտությունը, ո՛չ Պոլոնիուսի պալատական նենգավորությունը, ոչինչ, ոչինչ էնքան վիրավորական չպետք է լինեն դժբախտ Համլետի՝ էն առաջին ինտելիգենտի հոգու ազնվության, արքայազնի վեհության, փիլիսոփայի խորության, հանճարեղ նրբամտության ու վշտի ծանրության համար, որքան հայ դերասանի անճաշակ լալկանությունը, վախկոտ հայացքները դես ու դեն, անմիտ վազվզելը պատից պատ, անտեղի աղաղակներն ու լաց ու կոծը կամ ռուս