դերասանի հիստերիկ հեկեկոցներն ու հռհռոցները, հիվանդագին գալարումները, անդադար ծամածռությունները ու գոռում գոչումները։
Եվ ավելի ևս զարմանում եք, երբ մարդիկ էդ բոլորն անում են միաժամանակ արտասանելով Համլետի էս խոսքերը, որ ուղղում է դերասաններին.
«... Արտասանի՛ր թեթև և ազատ։ Բայց եթե որոտաս, ինչպես մեր դերասաններից շատերը, ապա ավելի ուրախ կլինեի, որ մունետիկներն արտասանեին իմ տողերը։ Չափից ավելի օդր մի՛ սղոցիր քո ձեռքով այսպես... այլ թո՛ղ շարժումները չափավոր լինեն, որովհետև կրքերի ամենասաստիկ հեղեղի, փոթորկի, և այսպես ասենք, ալեկոծման ժամանակ, դու պետք է պահես բավական ինքնիշխանություն, որ այդ բոլորին մի տեսակ փափկություն տա։ Օ՜, դա հոգիս տանջում է, երբ տեսնում եմ մի հաղթանդամ մարդ, գլուխը կեղծամով ծածկած, պատառոտում է կիրքը և մաս մաս անում ստոր ամբոխի ականջները... Իսկ խուժանը առհասարակ ընդունակ չի մի բան հասկանալու, եթե ոչ անբացատրելի մնջակատակներ և գոռում գոչում...» («Համլետ», թարգմ. Մասեհյանի, 102)։
Մի՞թե էնքան հեռու են էդ մարդկանց ականջները բերանից, որ իրենց ասածը չեն լսում։ Եվ խաղում են ոչ թե դրամայի ամբողջությունը, ոչ թե նրա մտքերը, այլ նրա բառերը, առանձին — առանձին բառերը, որ, Համլետի ասածի նման, թեև տգետներին ծիծաղ է պատճառում, բայց խոր վշտացնում է հասկացողներին։ Դերասանը արտասանում է էն կտորը, ուր իր մեջ խորտակված Համլետը իր վերջին ապավենը, իր սերը—Օֆելիային ղրկում է կուսանոց. ասում է՝ «Մտի՛ր կուսանոց»... և իսկույն կուսանոց բառի հետ վազում է դեպի Օֆելիան, իր սև վերարկուով նրան փաթաթում, իբրև_թե կույս շինեց (Դայլսկի), կամ մի տեղ սրի անուն եղավ թե չէ, սուրն են դուրս քաշում, թեև Համլետը իսկի սուրը չի սիրում և ինքն իրեն ասում է՝ «թո՛ղ խոսքերի մեջ լինի սուրը, Համլետ», ծիծաղ բառին են հանդիպում թե չէ, ծիծաղում են, ում մասին ուզում է ասած լինի...