Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/195

Այս էջը հաստատված է

 ցած ու անորոշ են ասում, որ հանդիսականներից ոմանք արդեն իրենց համար դեր են շինել միշտ կանչել դեպի բեմը—Բա՛րձր, բա՛րձր… Եվ եթե մեկը կա, որ հայ բեմից բարձր է խոսում, էն էլ հուշարարն է, որի ձայնը իսկի չպիտի լսվի։ Ի լրումն ամենի, չեն իմանում, թե ո՛րտեղ են գտնվում և ի՛նչ են խաղում։ Թագավորը կարծում է թե արքայական ծիրանին վրացու չուխա է, փեշերը հավաքում է գցում կռանն ու վազում, ծիրանին բռնող մանկլավիկը մնում է ետևից նայելիս։ Պալատականները ներկայանում են թագավորին, որը գլխարկը վերցնում է, որը չէ, որը դռնովն է դուրս գնում, որր պատի միջովը (կուլիսի)։ Որտեղ թագավորը, թագուհին ու Պոլոնիուսը գաղտնի խորհուրդ են անում և պալատականներից ոչ ոք չպիտի ներկա լինի, բոլորը տնկված են կողքներին, և մին էլ տեսնում եք իրենց գաղտնի խոսակցությունը վերջացնելուց հետո թագուհին կանչում է՝ «ո՞վ կա այդտեղ նախասենյակում, ներս եկեք…»։ Վա՛հ, տնաշեններ, դրանից գոնե հասկացեք, որ ներսը չպիտի լինիք։ Եվ ինչ զարմանք, որ էս տեսակ թագավորն ու թագուհին իրենց պալատականներով պալատից դուրս գնալիս էնպես վայրենի դուրս խուժեցին, որ պալատի տախտակե ու կտավե պատերի մի մասը հետները տարան։ Եվ երանի ընդմիշտ դուրս գնան ու իրենց ամբողջ թատրոնն էլ հետները տանեն, որովհետև էդ տեսակ թատրոն չի լինիլ և չպետք է լինի։

ՏԽՈՒՐ Գ. Վ.-ԻՆ

«Մշակի» 81 №-ում պ. Գ. Վ.-ն արձանագրում է իբրև տխուր փաստ, որ ես, Պոլսի ս. Երրորդության եկեղեցու միտինգի դեմ բողոքելով, առիթ տվի «Սուրհանդակին» մի առաջնորդող գրելու (№ 19), որի մեջ հոդվածագիրը միտինգ կազմողներին մեղադրում է, թե նրանք էդ ամենն արել են հեշտ ժողովրդականություն ձեռք բերելու համար և չբավականանալով մինչև այժմ իրենց շուրջը տարածած մահ ու ավերով, ուզում են սատանայական մի նոր դավ սարքել ռուսահայերիս գլխին։