Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/204

Այս էջը հաստատված է

 խոսքեր է ասում ինձ։ Սե՜ր, հարգա՜նք ու հետն էլ չգիտես ինչ համեմներ… ի՞նչպես եք էդ երկուսն իրար գցում, պ. Գ. Վ., խնդրեմ էս էլ բացատրեցեք։

ԹԵ ԻՆՉՊԵՍ ԻՄ «ԱՆԲԱԽՏ ՎԱՃԱՌԱԿԱՆՆԵՐԸ» ԴԱՐՁԱՎ АМЕРИКАНСКАЯ…

«Հորիզոնի» № 95-ում Մոսկվայից պ. Արմանը գրում է, թե իմ «Անբախտ վաճառականները» թարգմանած ու տպած է ռուսերեն և ոչ գրած է հայերենից, ոչ էլ իմ անունն է հիշած, այլ հրատարակած է որպես ամերիկական ժողովրդական զրույց, և հարցնում են՝ ես գիտե՞մ էդ մասին թե չէ։

Այո՛, գիտեմ, և ահա պատմեմ, ինչ որ գիտեմ։ Դեռ անցյալ տարի իմ բարեկամներից մինը մի օր ինձ հարցրեց, թե արդյոք էդ ոտանավորը ինքնուրույն գրվա՞ծք է, թե թարգմանություն։ Եվ իմ զարմանքին պատասխանեց, թե ճիշտ դրա նման ամերիկական մի ոտանավոր կա ռուսերեն թարգմանած՝ նրա համար է հարցնում։ Ես պատմեցի, որ էդ առակը աշակերտ ժամանակս ես Լոռի իմ քեռուցն եմ լսել ու տպածների մեջ իմ առաջին գրվածքներից մինն է։ Միայն «ջրի պեպենակի» (թիթեռ) տեղը ես դրել եմ ճայ։ Մի ժամանակ (1885—1887) էդ տեսակ բաներ, ժողովրդական առակներ ու լեգենդներ շատ էի գրում բարբառով ու շատ էլ ունեի, բայց որովհետև չէի պահում, դես դեն կորան, նրանցից մնացին «Շունն ու Կատուն», մին էլ «Անբախտ վաճառականները»։ Չնայելով «Անբախտ վաճառականների» էս ծննդաբանությանը, ես հայտնեցի իմ բարեկամին, թե շատ հեշտ կարող է պատահել, որ էդ առակը լինի և Ամերիկայում ու գրվածքն էլ նման։ Օրինակ. վերջերս կարդացի, նույն առակը ունի և Լաֆոնտենը՝ «Չղջիկ, մացառ ու բադ» վերնագրով, բայց, իհարկե, տարբեր են թե՛ առակը, թե՛ գրվածքը (Տե՛ս Առակք Լաֆոնտենի, թարգմ. Մ. Նուպարյանի, հրատ. Թիֆ. Հրատ, ընկ., Թիֆլիս, 1900, էջ 233)։ Սակայն էս ամենից հետո երբ բերին գիրքը. Библиотека «Пчелки». Горе-купцы. Американская народная сказка, թարգմանչուհին