էլ տակին—Е. Выставкина, կարդացի, տեսա՝ էս արդեն ուրիշ բան է. էս հենց իմ «Անբախտ վաճառականներն» են, որ դարձել են американская։ Բայց ի՞նչու և ի՞նչպես են դարձել американская... Մտածեցի, գուցե армянская բառն է, որ տպագրական սխալով դարձել է американская, մանավանդ լսած էի տիկնոջ մասին, կարծում էի մեջտեղը մի թյուրիմացություն կա և չէի ուզում հրապարակավ էդքան անախորժ մի նկատողություն անեմ։ Խնդրեցի երաժշտագետ պ. Ռ. Մելիքյանին, որ անձամբ ճանաչում է տիկնոջը, իմանա, թե էս ինչպես է պատահել։ Ռ. Մելիքյանը իմացավ ու հայտնեց, որ տիկին Выставкина-ն մեղք չունի դրա մեջ, հրատարակիչներն են էդպես արել։ Երևի մտածել են, որ американская գրելով կդարձնեն заграничный товар... Ահա եղածը, ինչ որ ինձ հայտնի է։ Ես սպասում էի, որ հարգելի տիկինը ինքը կխոսեր էդ մասին, բայց չգիտեմ ինչո՛ւ նա չխոսեց մինչև այժմ։ Շատ կխնդրեի, որ գոնե այժմ խոսեր։
ԼԵԶՎԱԿԱՆ ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Նոր-Նախիջևանի «Լույս» շաբաթաթերթի № 10-ում պ. Ա. Մեղրյանը մի հոդված է տպել՝ «Մեր մանկական գրականությունը և հայոց լեզուն», որի մեջ ցավով գանգատվում է, թե «... ինչ որ հնչվում է ժողովրդի բերանում, լինի դա հայերեն թե թուրքերեն, թաթարերեն թե ռուսերեն, վերցվում է և իսկույն գրվածքի մեջ է դրվում»։ Նա վշտանում է, որ մեր գրողներից ոմանք (ի միջի այլոց Ա. Իսահակյանն ու ես) գործ են ածում «ջան, ջիգյար, յար, յարաբ, ղարիբ», և այլն։ Եթե խոսքը էս կամ էն օտար բառի կամ մի շարք բառերի վրա լիներ, հարկավ վեճը մասնավոր բնավորություն կունենար և միայն ճաշակի խոսք կարող էր լինել, բայց պ. Մեղրյանը դատապարտում է օտար, այլև մինչև անգամ հայերեն գավառական բառերի գործածությունը ու մաքուր հայերեն լեզվի պահանջն է դնում։ Լա՜վ։ Պ. Մեղրյանին եթե տանք կարդալու էս բառերը. վարդ, վայ, վախել, նվագ, նվաստ,