Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/206

Այս էջը հաստատված է

նունուֆար, նամ, նոր նանիկ, նախշուն, նիստ, նշտար, նշան, նարգիզ, նավ, նուռ, նաշ, նազուկ, մեգ, միլ, մեխ, նահապետ, մոմ, մուճակ, մուր, մուկ, մոռ, ջերմ, գրավ, գրվանքա, կիր, կարիք, կերպաս, քիչ, քիմք, գոմեշ, ոչխար, դրոշակ, կկու, խոտ, խաբել, կուտ, կանթեղ, կանոն, կարապ, փուռը, գավազան, հարս, տոն, տարազ, դայակ, սապոն, սուգ ու շիվան, շողք, շվաք, գումար, շեն, շաղգամ, դաս, աշակերտ, սուր, շուշան, սամույր, սիպտակ, սեր, սանդ և այլն, և այլն, անշուշտ նա էս բոլորը կհամարի մաքուր հայերեն բառեր։ Եթե էդպես էլ չհամարի, կասի դրանք արդեն հայացել են։ Էդպես է, ճշմարիտ է։ Բայց հիմի մի ուրիշ հարց։ Դրանք եթե մեր լեզվի մեջ են մտել ու հայացել, արդյոք դրանցից հետո կա՞նգ է առել էդ պրոցեսը և էլ նոր բառեր չե՞ն մտնում ու հայանում թե՛ մեր ժողովրդական լեզվի մեջ, թե՛ գրական, ուրիշ խոսքով՝ էլ չե՞ն կատարվում ժողովրդական ու գրական լեզվի փոխառություններ։ Իհարկե, սրա պատասխանն էլ դրական է լինելու։ Քանի որ մի ժողովուրդ հազար ու մի ձևերով հարաբերություն ունի ուրիշ ժողովուրդների հետ, քանի որ նրա կյանքը զարգանում է նաև արտաքին ազդեցությունների տակ, քանի որ մեծանում է, էնքան էլ ազդեցություններ է կրում և նրա լեզուն, հարստանում, ճոխանում ու զարգանում։ Նորանոր գաղափարների հետ նորանոր ոճեր ու բառեր է ընդունում, և մինչդեռ դուք բողոքում եք, թե չի կարելի հայերեն լեզվի մեջ գործ ածել դարդ, ջան, չոլ, գիլ ու նման բառեր, մյուս կողմից ներս են հոսում ինտելիգենտ, կուլտուրա, լեգենդ, սոնետ, պոեմ, պոեզիա, օպերա, զիգզագ, պրոպագանդ և այլն։

Ի՞նչ եք անելու։ Եվ ինչո՞ւ պիտի վշտանաք ու կռվեք, ի սեր աստուծո։ Դուք կարծում եք միայն նրանով պիտի ճոխանաք ու բավականանաք, ինչ որ հայի միտքն ու հանճա՞րն է տալի…

Վերցնենք բառը։

Խնդրեմ ասեք. եթե մեր լեզվից հանեք ձեր հալածած «ջանը», որ չինական է, թե մոնղոլական-թաթարական, ինչո՞վ կփոխարինեք։ Մի քիչ մտածեցեք, կտեսնեք մի բառ եք վտարում, որի տեղը համազոր ու համաշունչ մի այլ բառ