Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/208

Այս էջը հաստատված է
ՄԵԾ ԽՆԴԻՐ

Եվ ահա Քրիստոսի 1910 թվականին մենք կանգնած էինք երկու մեծ փորձանքի առաջ։

Մինը, որ մեր փոքրիկ երկրագունդը պետք է անցներ Հալլեի գիսավորի ահռելի պոչի միջից, ինչպես մոծակը ամպի միջից, և եթե հաջող չանցներ, ընդհարումից կարող էր աշխարհքը քանդվել. մյուսը, որ էս փոքրիկ երկրագնդի վրա գտնվող Համբարձում Առաքելյանը պետք է անցներ Մողնու ծխականների ժողովում պատվիրակ, եթե սա էլ հաջող չանցներ, դարձյալ պետք է աշխարհքը քանդվեր, եթե ոչ ամբողջ աշխարհքը, գոնե հայոց պստլիկ աշխարհքը, եթե հայոց աշխարհքն էլ չքանդվեր, Մողնու ժողովը որ պետք է քանդվեր, եթե ժողովն էլ ճար չեղավ քանդելու և կայացավ ու ընտրություն եղավ, ընտրությունը պետք է անպատճառ քանդվի, իսկ եթե էդ էլ չհաջողեց, հայ դժբախտ ընթերցողների ջղերը հո կան ու կան, թող քանդվեն ու քայքայվեն, արյունները պղտորվի, մաղձները խառնվի Կովկասից Ամերիկա, Եվրոպայից Հնդկաստան. ինչո՞ւ. որովհետև Հ. Առաքելյանը չի ընտրվել...

Էսպես է. հայոց մամուլի մեջ էլ արդեն դարձել է տրադիցիա, կարգ ու օրենք։ Ընթերցողներն էլ էս գիտեն։ Հ. Առաքելյանը շարունակ իր մասնավոր, անձնական խնդրի շուրջը փոթորիկներ պիտի հարուցանի, սրան-նրան հայհոյի, տպի, ուղարկի բաժանորդների տները, որ վայելեն։ Նրանք էլ գիտեն, որ էսպես է կարգը, պարտավոր են և մինչև անգամ դրա համար փող պետք է վճարեն։

«Մշակի» բաժանորդը լինելու չափ մի դժբախտություն է Թիֆլիսի Մողնու եկեղեցու ծխական լինելը, որովհետև Հ. Առաքելյան Մողնու ծուխն է։ Եվ ահա դա ամենաաղմկալի եկեղեցիներից մինն է, եթե ոչ առաջինը։ Ամեն անգամ, երբ էդ եկեղեցու ծխականները ժողով կունենան, թե Հ. Առաքելյանին ընտրեցին—շատ լավ, թե չէ հո—պրծանք։ Դե վազեցեք առաջնորդարան, առաջնորդարանից սինոդ, սինոդից կաթուղիկոս, գրագրություն, մամուլ, դատարան...