Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/209

Այս էջը հաստատված է

Բայց մեծ դժբախտությունը ո՞րն է, որ թեկուզ ընտրեք էլ, նա առանց մի անհամություն ու աղմուկ սարքելու տուն չի գնալ։ Եվ ավելի զարմանալին էն է, որ չեն հոգնում ոչ նա ինքը, ոչ նրա հետ աղմկողները, ոչ էլ նրա աղմուկները կարդացողները։

Ահա այժմ էլ Մողնու եկեղեցին, Հ. Առաքելյանը և հայոց աշխարհքը պետք է զբաղվի էդ մեծ խնդրով։ Նա կռվեց, բողոքեց, հայհոյեց, դուրս գնաց, նրա ետևից գնացին ժողովականների մի մասը, «Մշակի» № 116-ում տպվեց էդ ժողովի մասին, «Հորիզոնում» տպվեց, «Սուրհանդակում» տպեց, նորից «Մշակի» № 118-ում գրվում է, հայհոյանք, «թայֆայականներ», Տեր-Վարդանը Հ. Առաքելյանին է դատի կանչում, Ա. Առաքելյանը նրան, և արդեն ծխականների «առողջամիտ ու բարեկիրթ» մասը, ինչպես ասում է «Մշակը» բողոք է ներկայացրել առաջնորդին ու խնդրում է «անգո համարել» էն ժողովը, երկրորդ ժողովը, որ կայացել է իրենց հեռանալուց հետո, 63 ծխականի մասնակցությամբ։

Ինչո՞ւ. պատճառը—Հ. Առաքելյանը։ Թայֆամայֆա, ինչ որ ասում են, բոլոր սուտ բաներ են, եթե կուսակցության մտքով հասկանանք ու լուրջ իմաստ դնենք էդ բառի մեջ։

Ճիշտ է, բազմություն կար միացած էդ մարդկանց դեմ, բայց դա միանգամայն այլատարր մի բազմություն էր, բաղկացած համոզմունքով նույնիսկ իրար խորթ մարդկանցից, որոնց միացնում էր գլխավորապես մի զգացմունք, էն խորին ատելությունը, որ էդ մարդիկ հարուցել են իրենց դեմ անվերջ հայհոյանքներով ու զրպարտություններով։ Ճիշտ է, շատ թամաշավորներ էին հավաքվել, բայց դրա պատճառն էն էր, որ գիտեին՝ Հ. Առաքելյանը Մողնի է և թամաշա պետք է սարքի։ Ճիշտ է, նախագահող քահանան վերջապես համբերությունն սպառելուց հետո երբ զայրացավ Հ. Առաքելյանի վրա, ծխականների մի մասը ծափահարեց, բայց դրա մասին—ներքևում։

Արդ, ինչպե՞ս է ձևակերպում Հ. Առաքելյանը դեպքն ու բողոքը և ի՞նչ են ասում «առողջամիտ ու բարեկիրթ» ծխականները, ինչո՞ւ պիտի «անգո համարվի» իրենց հեռանալուց հետո կատարված ընտրությունը։