այդ բացատրությունները և չեն կպչում այն առասպելախառն դրամայի ընդհանուր հյուսվածքի հետ, չեն գալիս նրա բնավորությանը։
Այդ հատվածում ես որոնում էի մի ավելի սիրուն և խորհրրդավոր տենչանք, որ կարող էին տալ սիրահարված թագուհուն «առասպելեալ ասող» գողթան երգիչները, մտածելով, որ անկասկած դրա բանալին ժամանակն ու ժողովուրդը մեզ պետք է լինին հասցրած։
Որովհետև.
Եթե նույն օրերում «նոյն երգիչքն առասպելին ասեն այսպէս. վիշապազունք գողացան զմանուկն Արտաւազդ և դև փոխանակ եդին»*)[1], և նույն հավատը մնում է տակավին․ դեռ այսօր էլ ժողովուրդը հավատում է, որ մի չար ոգի գիշերը գողանում է երեխաներին և տեղը դև դնում։
Եթե նույն երգիչքն «առասպելեալ» երգեն, ասելով. «Տեղ ոսկի տեղայր ի փեսայութեանն Արտաշիսի, տեղայր մարգարիտ ի հարսնութեան Սաթինկան»**)[2], և տակավին այսօր էլ ժողովուրդը հարսի և փեսայի գլխին ոսկի-արծաթ է շաղ տալիս։
Եթե նույն «Գողթան երգիչքն առասպելաբանեն» Արտաշեսի անեծքը, Արտավազդի խորտակումը ազատ Մասիսի ստորոտներում, և այլն ըստ կարգին։
Եթե այն օրից դարեր անցած Խորենացին լսել է, որ «զրուցեն զսմանէ պառաւունք» և ասում է. «առ մերով իսկ ժամանակաւ՝ բազումք ի դարբնաց, զհետ երթալով առասպելին, յաւուր միաշաբաթւոջ երիցս կամ չորիցս բախեն զսալն, զի զօրասցին շղթայքն Արտաւազդայ...***)[3]
Եթե Խորենացուց հետո էլ, շատ դարեր անցած, նույն սովորությունը պահպանած, մեր օրերումն էլ դարբինները ավագ ուրբաթ գիշերը երեք չորս անգամ մուրճով խփում են սալերին «զի զօրասցին շղթայքն Արտաւազդայ».