Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/210

Այս էջը հաստատված է

Ասում են ծխական ժողովը նախագահի գաղտնի քվեարկություն չընդունեց։ Այո՛, ծխականների մի մասը կարծիք հայտնեց, թե ավելորդ է նախագահի ընտրությունը կատարել գաղտնի քվեարկությամբ, որովհետև երկար կտևի և առանց էն էլ շատ գործ ունենք կատարելու, բայց երբ ինքը Հ. Ա. պահանջեց, թե եթե մի ծխական էլ պահանջում է, որ կատարվի գաղտնի, պետք է գաղտնի կատարվի, ընդունվեց գաղտնի կատարել։ Եվ արդեն նախագահող քահանան թերթիկներ էր առաջարկում գաղտնի քվեարկություն կատարելու, երբ ինքը Հ. Ա., որ միշտ մեջտեղն էր, պահանջեց, թե պետք է դեռ ծխականների ցուցակը ստուգել, հետո թերթիկները բաժանել։ Ասում են, ո՛չ ծխականներ կային, խռնվել էին ծխականների շուրջը և նստել նրանց հետ խառն։ Խառը խոսքն էլ թեկուզ մինչև անգամ թողնենք իր տեղը։ Բայց հենց դրա համար էլ խնդրեցին, որ ո՛չ ծխականները հեռանան եկեղեցու մյուս բաժինը և նրանք էլ, թամաշավորները, խմբով հեռացան մյուս կողմը։ Եվ բոլոր «առողջամիտ-բարեկիրթները» դարձյալ իրենց տեղը նստեցին ու սկսվեց ծխականների ստուգությունը, որ ստուգելուց հետո թերթեր բաժանեն նախագահի գաղտնի քվեարկություն անելու։ Հենց էս ծխականների ցուցակն ստուգելու ժամանակն էլ, Հ․ Առաքելյանը, որին ո՛չ նախագահող քահանան էր խնդրել և ո՛չ էլ ժողովն էր լիազորել, էնքան կրքոտ մեջ խաղաց ու կարգադրություններ արավ, որ նախագահող քահանան ստիպված եղավ վրեն բարկանալու։ Եվ ինչպես ասի, էս բարկությունը էնքան տեղին ու արդարացի եկավ ժողովականներին, որ մի ստվար մասը ծափահարեց։ Մինչև էստեղ, առայժմ, ամեն ինչ հանգիստ էր, բացի Հ. Առաքելյանը, և ամենքը էլ նստած էին իրենց տեղերը։ Էստեղ սկսեց Հ. Առաքելյանը «դուրս գնա՜նք, դո՜ւրս, եկեղեցին դարձրել են բազար, պոռնկանոց» և այլն. և դուրս գնացին։ Ժողովականների կիսից ավելին մնաց, թեև քիչն էլ մնար միևնույնն էր և կատարեց ընտրությունները, ամեն մի ծխականի անձնավորությունը ստուգելով ու հաստատելով կրկին ստորագրություններով։