Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/211

Այս էջը հաստատված է

Տեղն է նկատելու, որ էն էլ չի ճշմարիտ, իբր թե 70 հոգի «ջախջախիչ մեծամասնությունն» է դուրս գնացել։ Ժողովականների ամբողջ թիվը ստորագրություններով 118 էր. 66-ը մնացին, բողոքողների ասելով 12 հոգի էլ ապօրինի են եղել, որ 63-ի մեջ չկան, եթե նրանց էլ հանենք—կմնա բացարձակ «ջախջախվող» փոքրամասնություն։ Եթե ընդունենք, որ սրանց մի մասն էլ Հ. Առաքելյանի մարդիկը չեն, ինչպես ինքն է ասում, հաշվեցեք տակն ինչ կմնա և կհասկանաք, որ Հ. Ա. էնքան էլ կարճատես մարդ չի եղել, եթե փախել է ժողովից։

Արդ, գաղտնի քվեով նախագահ ընտրելու համար ցուցակ են ստուգում, դեռ ցուցակը չստուգած, դեռ նախագահ չընտրած, եթե մի բողոք ունեին—նախագահին չհայտնած, նախագահող քահանային համբերությունից հանում է դարձյալ Հ. Առաքելյանը, «դուրս գնանք, դո՜ւրս» ճչում է դարձյալ Հ. Առաքելյանը և դարձյալ մարդիկ պարտավոր են վազել առաջնորդարան, սինոդ, կաթուղիկոս, մամուլ, դատարան...

Անշուշտ, էս բոլորի մեջ եթե կար մի ապօրինի բան, շատ հեշտ կարող էր Մողնու ծխական ժողովի նման մի ժողով բռնել, հրապարակ հանել, չեզոքացնել կամ պատժել տալ։ Բայց էս մարդը էնքան է ընդունակ նեղսրտություն, կիրք ու թշնամական տրամադրություն մտցնելու, շփոթելու, տակն ու վրա անելու, որ անկարելի է դարձնում հանգիստ վերաբերվելը գործին, և զարմանալի արագությամբ բանը տանում հասցնում է սկանդալի և հաճախ, ճիշտ որ «առողջամիտ, բարեկիրթ» մարդկանց էլ գցում է աղմուկի մեջ, ստի ու կեղծիքի մեջ, և շատ քչերն են գլխի ընկնում, որ էս ամենը նրանից է ծնում ու նրա անձի, նրա նախագահության շուրջն է պտտում, ուրիշ ոչինչ, միանգամայն ոչինչ։

Միակ ճշմարտությունը, որ կա՝ նրա ձևակերպած բողոքի երրորդ կետի մեջ է («Մշակ» № 116)։ Ասում եմ էդ կետի մեջն է, ոչ թե ամբողջ կետն է ճշմարիտ, որովհետև էդ կետում էլ, որ բաղկացած է նրանից, թե ծափահարեցին ու շվացրին, էս երկու խոսքից մինը սուտ է։ Ոչ ոք չի շվացրել, և ահա իր հետ հեռացած մարդիկ էլ «շվոցը» հանել են