ավելի բարձրացավ իր աչքում և ավելի ջերմորեն սկսեց հարգել, եթե ասեին էս տողերի տակ անունդ դիր, կամաչեր ու չէր գրիլ։ Ինչպես Շահրիարին էլ եթե ասեին, որ Հ. Առաքելյանին գովում ես, դե իսկական անունդ գրի, չէր անիլ։ Հիմի էլ դուք, եկել եք ինձ քննելու, թե ես ո՞ւր էի էն ժամանակ, ահա պատմեցի ու լսեցիք թե ուր էի, իսկ դուք ո՞ւր էիք, և ո՞վ եք, որ հոգաբարձուների անպայման պախարակելի վարմունքը գովում եք կեղծ անունով։
Կեղծ անուն, կեղծ մարդիկ, կեղծ զգացմունքներ, կեղծ գրվածքներ, կեղծ գործեր, և ճշմարիտը միայն էն է, որ էս ամենը շատ է տգեղ։
ТЕКСТЫ И РАЗЫСКАНИЯ ПО АРМЯНО-
ГРУЗИНСКОЙ ФИЛОЛОГИИ, КН. XII, СПБ, 1910
Պրոֆ<եսոր> Մառը հայ-վրացական բանասիրության բնագիրների ու հետազոտությունների էս հատորի մեջ նյութ է առել Շոթա Ռուսթավելու «Ընձենավորի» ներածության ու վերջաբանի տները և կնոջ պաշտամունքն ու ասպետականությունը պոեմի մեջ։ Նա հատկապես աշխատում է վերականգնել Ռուսթավելու պոեմի նախերգանքի տների սկզբնական կարգը, ինչպես եղել է բնագրի մեջ։ Գիտնականի զգուշավորությամբ լույս է գցում զանազան մութ տեղերի վրա, ու ձեր առջև պարզվում ու բացվում է հինը, մեռածը, կորածը։ Բացատրվում է աղճատվածը և եղբայրասպան Կայենի տեղ դուրս է գալի Լեյլիի սիրահար Կայիսը։ Ճանապարհներ է բաց անում, որ ուղղություն են տալի մտածելու, գնալու դեպի անցյալի մարդը, նրա կյանքը, երգն ու խոսքը, որ այժմ առեղծվածներ են դարձել մեզ համար։ Լրջություն է տալիս և հարկադրում է վեր դնել էն համբակի մեծամտությունը, թե ամեն լավ բան մերն է ու մեզանից է դուրս եկել։ Տեսնում եք, որ ով գիտի ո՞ր լճի, ո՞ր ծովի ափերին առաջին անգամ հառաչած էս տողերը ինչ ճանապարհով, ինչ սրտերով են անցել, ինչ ձևեր են առել, ուր են հասել։
«Արյուն արտասուք քամելով թագուհի Թամարին եմ երգում,