Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/218

Այս էջը հաստատված է

առնում են մի ուրույն երանգ, համ ու հոտ։ Եվ շատ անգամ նուրբ առանձնահատկություններն են, որ որոշում են մի ժողովրդի ստեղծագործությունը մյուսից, ոչ թե գործի ամբողջությունը։ Հաճախ կհիասթափվեն էն մարդիկը, որոնք ուզում են անպատճառ էս կամ էն ժողովրդական ստեղծագործության—էպոսի, հեքիաթի, առակի և նման գործերի սկիզբն ու ծնունդը կապել բացառապես իրենց պապերի ու հայրենիքի հետ։

Վրաց բանասերների մեջ էլ մարդիկ կան, որ չեն ուզում «Ընձենավորի» պատմությունը դրսից լինի եկած, պարսկական կամ արաբական ծագում ունենա, ինչպես իր նախերգանքի մեջ խոստովանում է ինքը Շոթան, որ վեր հանելով պատմությունը ասում է՝ ես միայն ոտանավորով պատմեցի։ Եթե ընդունում էլ են, ասում են, ինչպես պ. Աբուլաձեն, թե՝ պարսկականը եղել է միայն կմախք, էս, Շոթայի գրածը, հանճարի ամենակատարյալ ու ամենագեղեցիկ մի գործ է։ Իսկ պ. Կարիճաշվիլին, ավելի հեռու գնալով, նախերգանքից մերժում է էն տողերը, որոնցով Շոթան ինքը վկայում է, թե իր պոեմի նյութը առել է պարսկականից։

Պ<արոն> Սառաջաշվիլին չի հաշտվում, թե Թամարը կարող էր ցանկացած լինել իր գեղեցկությունը երգող ներբողներին և կամ նրանցով հետաքրքրված։ Պ․ Մառը Կարիճաշվիլու վտարած տունը հիմնավոր առարկությունով պահում է իր տեղը ու թե նրանով, թե շատ ուրիշ կտորներով հաստատում է իր կարծիքը, թե նյութը առնված է պարսկականից, ու ինքը Թամարն էլ խրախուսել է իր գեղեցկությունը երգելու։

Հարգելի գիտնականի կարծիքին ի նպաստ կարող ենք ավելացնել․ մեր մեջ այժմ թեև ընկել է հին ձևի աշուղությունը, բայց հիշում եմ, թե ինչպես աշուղները, երբ գալիս էին մեկի շեմքում նստում երգելու, հաճախ երգով տանտիրուհու կամ տանտիրոջ գովասանքն էին անում, ու ինչքան լավ գովեին, էնքան լավ փող կստանային։ Վերջապես էսօր էլ ինչ է Վրաստանի պարկապզուկ ածողների փեշակը։ Մեր «Սասունցի Դավթի» մեջ էլ Խանդութ խանումը աշուղներին կանչում է, փող է տալի, թե՝ գնացեք իմ գեղեցկությունը