Ապա և Սաթենիկի տենչանքը՝ նույն «առասպելեալ երգի» մի կտորն ևս, կարող էր կենդանի և անկորուստ մնալ ժողովրդի անտակ հիշողության մեջ։ Համենայն դեպս, եթե մնար, ժողովրդի մեջ պետք է մնար։
Առասպելը ժողովուրդն է շինում, պահում և պատմում, նրա սեփականությունն է, և նրան պետք է դիմել։
Սաթենիկի տենչանքն էլ առասպել լինելով պատմական իրողություն չի, այլ Գողթան երգիչների շինածն ու հնարածը, որոնք, իհարկե, առիթ ունեին։ Խորենացին ինքը, որ այս հատվածներն «առասպելեալ» անվանելով գրել է թողել, վկայում է, որ նրանք (առասպելները) հնարովի, մտացածին բաներ են։ Մի տեղ ուզենալով ընթերցողին հավատացնել, ասում է «թեև առասպել է, բայց հեռու չէ ճշմարտությունից»։
Իսկ առասպելն, ինչպես ասացի, ժողովրդի գործն է. հեևտաբար Սաթենիկի տենչանքի վրա պետք է նայել ոչ իբրև մի անհատի ցանկության, այլ մի ժողովրդի, որ առասպելի մեջ արտահայտել և դրել է անհատի սրտում։
Այս այսպես լինելով, անմիտ և անտեղի են երևում բարձի փնջերը, բլուրները և սրանց նման բաներ։ Դրանք չեն կարող լինել մի ժողովրդի տենչանքի առարկաներ։ Ժողովուրդի տենչանքը, ինչպես և ամեն մի զգացմունքն ու կիրքը, որ հայտնվում է զանազան ձևերով զանազան առասպելյալ անձնավորությունների ու դեպքերի մեջ, ավելի ընդհանուր, ընդարձակ և մնայուն է, մի խոսքով բոլորին հասկանալի և բոլորինը։ Մինչդեռ բարձի փունջեր շոյելը, բլուրների վրա ճեմելը կարող են անհատական ցանկություն լինել, որ տեղ չունեն առասպելում։
Մի հանգամանք էլ գալիս է ապացուցանելու, որ Սաթենկինը՝ անհատինը, չի այդ տենչանքը։ Պատմությունից երևում է, որ Սաթենիկ թագուհին (50 տարեկան) տռփական սեր չի ցույց տվել դեպի վիշապազունների նախարարը (80 տ. անց), այլ նախանձոտ Արտավազդն է այդպես բամբասել՝ այնքան հարգված ու մեծարված Արգամին հոր աչքիցը գցելու համար։ Եվ, ինչպես համանման դեպքերում, ժողովուրդը հորինել է առասպելներ, «որք, ըստ Խորենացու, զճշմարտութիւն իրացն այլաբանաբար յինքեանս ունին թագուցեալ»։