Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/221

Այս էջը հաստատված է

 Սակայն էս և ճաբուկ բառերի լեզվաբանական վերլուծումն ու պատմությունն անելուց և վերև հիշած գաղափարները նշանակելուց հետո, այսուամենայնիվ, հարցը թողնում է բաց և արժանի տակավին հետազոտության։

Մեզ կների հարգելի գիտնականը, եթե նրա ուշադրությունը խնդրենք պարսկական «խումա» բառի վրա, որ բարձր, ազնիվ տեսակի արծիվ է նշանակում, էն արծիվը, որի մասին առասպել կա, թե նա երբեք գետին չի իջնում ու միշտ ապրում է օդի վերին ոլորտներում։ «Խումա» անունը նվիրական է եղել Արևելքում. նա իր մեջ ամփոփել է ամեն ազնիվ ու վսեմ հատկություններ, նրա հովանավորությունը կարող էր բախտավորեցնել մարդուն ու հասցնել մինչև թագավորության։

Նրա անունը դարձել է թագավորների համար պատվանուն, և էսօր էլ մտնում է սուլթանի տիտղոսների մեջ, ասում են՝ Հումայուն Սուլթան։

Արդյոք պարսկական էս խումա բառն էլ չի՞ կարող առնչություն ունենալ վրացական ղմա բառի հետ, քանի որ Վրաստանը և Շոթան էնքան ազդված են Արևելքից, Պարսկաստանից։

Հետաքրքրական է «ախպերացուի» գաղափարը (մոձմե), որ տակավին գոյություն ունի մեր ժողովրդի մեջ, իսկ կովկասյան ավանդություններն ու հեքիաթները պատմում են, թե ինչ նվիրական կապ է եղել դա հնումը. ախպերացուն ախպերացվի համար որդին չի խնայել։

Ասպետականության և կնոջ պաշտամունքի մասին խոսելիս, պ. Մառը նկատում է, թե՝ եվրոպացիք, մինչև անգամ գիտնականները, միշտ անաչառ դատավորներ չեն, երբ իրենց վրա են առնում Արևելքի բարոյականության համարձակ գնահատությունը։ Ինչպես, օրինակ, առաջ է բերում Ալ․ Խոձկոյի Արևելքի ու Արևմուտքի կնոջ համեմատությունը և Քյոռօղլու վերաբերմունքը դեպի կանայք։ Իբրև թե միակ բանը, որ նա հաստատ սիրում էր, իր Ղռաթ ձին էր։ Անտես է առնում, թե ինչ տեղ է բռնում Քյոռօղլու վիպասանության մեջ Նիգյար Խանումը։ Եվ առհասարակ էն ընդհանրացած կարծիքը, որ հայտնում է և Խոձկոն, թե Արևելքում կինը