Ուսումնարան բաց արավ, տպարանական մամուլ բերավ, որ առաջին անգամն էր տեսնում Հայաստանի հողը, և սկսեց ամսագիր հրատարակել «Արծվի Վասպուրական», որ «թռուցյալ հայրենասեր թևոք յԱրծրունի մենաստանէն Վարագա» անդադար կանչում էր «լուսավորություն, լուսավորություն», քաջ գիտենալով՝ լուսավորյալ ազգերն են միմիայն, որ մարդավայել կապրեն և հավատալով, որ՝ «թե ուշ, թե անագան իր ձենը հայոց ականջին պիտի հասնի»։
Բայց աղքատ էր Հայոց Արծիվը և հաճախ ստիպված էր թևածելու դեպի հեռու հորիզոններ, դեպի պանդխտություն։ Եվ մի քանի անգամ նա հայտնվեց ցրված հայության մեջ, զանազան երկիրներում, ամեն անգամ սրտերը վառելու հայրենիքի սիրով, ամեն անգամ սնունդ տանելու իր ճտերին, որ հավաքել էր Վարագա սարի վրա, ամեն անգամ ջանալով ավելի ու ավելի հիմնավորել ու մեծացնել իր, ճշմարիտ որ, հայրական գործը։
Ահա՛, էս պայծառ ու գեղեցիկ գործի սկզբնավորության հիսնամյակն է, որ լրացավ երեք տարի առաջ, բայց անկարելի եղավ իր ժամանակին տոնելու և նշանակած է այժմ, հունիսի 20-ին։
Հոբելյանն իր բարձր հովանու տակ է առել ամենայն հայոց վեհափառ կաթողիկոսը, առանձնացնելով նրան ազգային հանդեսների մեջ և հռչակելով որպես տոն հայ ժողովրդի կուլտուրականության, նրա անվերջ ձգտումի դեպի լույսն ու գիտությունը։
Նվիրական տոն, նվիրական վայրեր, նվիրական անուններ ու հիշատակներ և, ի՜նչ կասկած, ամեն հայ սրտով կամ գործով մասնակից է լինելու էս մեծ հանդեսին Վարագա բարձունքների վրա։
Գործիչների մեջ գուցե ամենակարևորն ու ազնիվը, և՛ ընտանիքի համար, որ զավակներն է կրթում, և՛ հասարակության համար, որ գիտակից անդամներ է պատրաստում,