Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/228

Այս էջը հաստատված է

ծխական հոգաբարձությունից մինչև հայոց եկեղեցու լրությունը պետք է ուշադրության առնեն։

Ասում են հոգաբարձությունները մի՞թե իրավունք չունեն ուսուցիչ արձակելու։ Ունեն, այո՛, բայց նրանք կարծում են, թե իրենք հենց ուսուցիչ արձակելու համար են։ Ո՛չ, ուսուցիչ արձակելու համար չեն նրանք, այլ ուսուցիչ պահելու։ Իսկ արձակելու դեպքում էլ էնքան քաջություն ու շիտակություն պետք է ունենան, որ վատին վատ ասեն։ Արդարացում չի, թե մի քանի անպետք ուսուցչի արձակելու համար ենք ամբողջ կազմը արձակում, որպեսզի անպետքին անպետք չասենք: Ինչո՞ւ։ Ի՞նչ կեղծավորություն է։ Էլ ի՞նչպես իմանանք ով է անպետք, և ինչո՞ւ։ Չէ՞ որ էդ անպետքը գնալու է պաշտոնավարելու մի ուրիշ դպրոցում։ Եթե անպետք է, ամեն տեղ է անպետք։ Եվ ինչո՞ւ նրա պատճառով պետք է արձակվի նաև լավ ուսուցիչը, թեկուզ հենց ձևականորեն։ Ո՛չ, նա, ուսուցիչը պետք է հաստատ իմանա, որ հեշտ չի իրեն արձակելը, որ հաստատ ու ամուր է իր տեղը երկար տարիներով, որ ինքը ժամանակ է ունենալու հասցնի իր ձեռքի տակին կրթվող սերունդը և տեսնելու իր աշխատանքի պտուղը, որ թերևս ավելի թանկ արժե, քան ամեն վարձատրություն։

Անհետաձգելի լուծումն է պահանջում հայ ուսուցչի դատը, և նույնիսկ հակառակորդները լռում են նրա արդարության առաջ։

Ժամանակն է ստեղծելու մի բարձր ընտրյալ ինստանցիա, մի ձեռնհաս մարմին, որ կարողանար ցանկալի բարձրության վրա դնել հայ դպրոցական գործը և ապահովել հայ ուսուցչի վիճակը անվերջ անակնկալներից ու կամայականություններից։


ԴԱՌՆԱՑԱԾ ԺՈՂՈՎՈՒՐԴ

Մտածմունքներ կան, որ սաստիկ ծանր են, բայց դուք դատապարտված եք մտածելու, չեք կարող փախչել նրանցից։ Նրանք էն ծանր հիվանդությունների նման են, երբ դուք

222