Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/233

Այս էջը հաստատված է

Արդյոք բարոյական իրավունք ունե՞ն 16 հոգին իրենց ղրկած հրավերներն ընդունելու։

Մենք կարծում ենք չունեն, մինչև որ հոգաբարձությունը և նոր տեսուչ պ. Մալխասյանը բավարարություն չտան վիրավորված խմբին ու չբացատրեն մյուսներին չհրավիրելու պատճառները։ Բարոյական իրավունք չունեն հայ ուսուցչի դատի, իրենց կոչման ու ընկերների առաջ և, մանավանդ, էն բոլոր ուսուցչական կազմերի, ուսուցիչների ու հասարակության առաջ, որ տակավին շարունակում են եռանդուն բողոքել ու ամեն տեղից բողոքելով ցույց տալ, թե դա Հովնանյան դպրոցի մասնավոր խնդիրը չի։ Հովնանյան դպրոցի դեպքը առիթ եղավ միայն հրապարակ հանելու մի ընդհանուր, խոշոր խնդիր։ Ոմանք հարց են տալի, թե ինչո՞ւ հենց Հովնանյան դպրոցի և էս հոգաբարձության օրով բարձրացավ բողոքը։ Կարճամիտ հարց։ Կարծես ինչ դպրոցի և ինչ ուսուցչական կազմի ու հոգաբարձության հետ էլ պատահեր, չէր կարելի դարձյալ բացականչել—ինչո՞ւ հենց սրանց հետ պատահեց, չէ՞ որ առաջ էլ է եղել, ո՞րտեղ էիք, և նման առարկություններ։

Նախ սխալ է. միշտ եղել են բողոքներ, հենց իրենք, էդպես ասողներն էլ պնդում են, որ իրենք էլ են բողոքել, ապա ուրեմն երևույթը տգեղ է, ու տգեղ է ամեն տեղ, և՛ քաղաքներում, և՛ գավառներում, և՛ անցյալում, և՛ այժմ։ Երկրորդ, զարմանալու բան չկա, որ մշտական տրտունջի ու դժգոհության աղբյուր մի որևէ տգեղ երևույթ մի օր էլ հարուցանում է ընդհանուր բողոք, և առիթը լինում է սովորական դեպքերից մինը, շատ անգամ նույնիսկ չնչինը։ Չպետք է, սակայն, խնդիրը մթնացնել մանր-մունր անհատական կամ թայֆայական պատմություններով, մի ծուռն ու խուսափող ճանապարհ, որ իր երկար ու ձիգ պատասխան նամակով ընկել է և նորընտիր տեսուչ պ. Ստ. Մալխասյանը, այլ միանգամայն ընդհակառակը, մի կողմը պետք է թողնել էդ ամեն երկրորդական՝ հարցը խճճող հանգամանքները, գործի էությունն ու արդարությունը հասկանալ և լուծում ու բավարարություն տալ բողոքին։ Հովնանյան դպրոցի հոգաբարձությունն